29/09/2023 11:54
Մեզ համար շատ ցանկալի է, որ Արցախի պաշտպանության բանակի զինծառայողները ծառայության ընդունվեն ՀՀ ՊՆ-ում. Փոխնախարար (Տեսանյութ)
ՀՀ սահմաններին իրավիճակը հարաբերականորեն կայուն է, այս մասին լրագրողներին ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։
«ՊՆ-ն ուշի-ուշով հետևում է իրավիճակի փոփոխությանը, դինամիկային, որևէ փոփոխության դեպքում մենք անմիջապես կիրազեկենք հանրությանը»,- ասաց նա։
Փոխնախարարը հրաժարվեց ասել, թե սահմանների որ ուղղությամբ է Ադրբեջանը զորք կուտակել։
«Կխնդրեմ բավարարվել վերջին շրջանում մեր հրապարակած տվյալներով, չպետք է մոռանանք, որ Հայաստանը հայտնվել է սահմանային գոտում ու եթե կուտակումներ լինում են, ապա վերաբերում է բոլոր հատվածներին, բայց, կարևորը, այս պահին վիճակը հարաբերականորեն կայուն է ու այս պահին լարման միտում չի նկատվում»,- ասաց Արման Սարգսյանը։
ՀՀ պաշտպանության նախարարության համար շատ ցանկալի է, որ Արցախի պաշտպանության բանակի զինծառայողները ծառայության ընդունվեն ՀՀ ՊՆ-ում։
«Այդ առումով մենք ուսումնասիրություն պետք է իրականացնենք ու նրանք, ովքեր ցանկություն կունենան ընդգրկվելու ՀՀ զինված ուժերում ծառայության, մենք ամեն ինչ կանենք, որ այդ հնարավորությունն ընձեռնվի»,- նշեց Սարգսյանը։