30/09/2023 15:18
Մեր գեներալների, զինվորականների անվտանգությունն ապահովեք. ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյան
Երեկ հայտնի դարձավ, որ Հակարիի կամրջի անցակետում ադրբեջանցի ուժայինները ձերբակալել են Արցախի Պաշտպանության բանակի (ՊԲ) նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին, նրան տեղափոխել են Բաքու։
Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը երեկ հաղորդել էր նաև ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանի ձերբակալման և նրան մեղադրանք առաջադրելու մասին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրան ադրբեջանական դատարանը 4 ամսով կալանավորելու որոշում է կայացրել: Reuters-ը՝ վկայակոչելով «բարձրաստիճան դիվանագետին», գրել էր՝ Ադրբեջանն ունի Արցախից մոտ երկու հարյուր հայերի ցուցակ, որոնց ցանկանում է կալանավորել՝ տարբեր հանցագործությունների մեղադրանքով: Թե ովքեր են այդ ցուցակում, կամ ով է բարձրաստիճան դիվանագետը, լրատվամիջոցը չէր հայտնել։
168.am-ի հետ զրույցում ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը նշել է, որ և՛ գեներալ Լևոն Մնացականյանի, և՛ Դավիթ Մանուկյանի, և «ադրբեջանական ցուցակում» ներառված և Ադրբեջանի կողմից ձերբակալվելու վտանգի առջև կանգնած այլ գեներալների անվտանգության և ազատ արձակման ուղղությամբ պետք է ձեռնարկվեն անհրաժեշտ և գործուն միջոցներ:
«Ես խնդրում եմ, որ իմ խոսքը փոխանցեք ՀՀ ղեկավարությանը, ՌԴ-ին, որոնց խաղաղապահները տեղակայված են Արցախում, գոնե մեր գեներալների, զինվորականների անվտանգությունն ապահովեն»,- նշել է Արտակ Դավթյանը՝ հավելելով, որ եթե ճիշտ աշխատանք տարվի, գուցե հնարավոր կլինի համաներման միջոցով նրանց բերել Հայաստան, իհարկե, ըստ նրա, սա բարդ և հետևողական աշխատանք է ենթադրում: