01/10/2023 22:54
Փաշինյա՛ն, թող հայրենիք փրկենք․ մտածի՛ր առաջարկիս մասին․ Օսկանյան (Տեսանյութ)
Երեսուն տարի երբևէ լսե՞լ եք, որ ԼՂ-ի հետ կապված մեկը տեռորիզմի մասին խոսի, նկատում է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը՝ ավելացնելով, որ Ադրբեջանը նույնիսկ նման բան չի խոսել։
«Ուզում եք ասել, որ Մինսկի խմբի համանախագահող երեք գերտերությունների ներկայացուցիչները՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի, երբ գալիս էին տարածաշրջան, հանդիպում ԼՂ ղեկավարության հետ՝ խոսում էին տեռորիստների հե՞տ, իսկապե՞ս։ Ձեր լռությունը հենց այդ բոլորի հակառակն է վկայում։ Ո՞ւր է ԱԳՆ-ն, ինչո՞ւ ձայն չեք հանում»։
Իր էջում տեղադրված տեսանյութում նա նաև ընդգծում է, որ նույնիսկ շատ ավելի դաժան պայմաններում Արցախը չի դատարկվել, մեր պատմության որևէ ժամանակահատվածում նման իրավիճակ չի եղել․
«Սա ՀՀ իշխանության վարած սխալ քաղաքականության արդյունքն է։ Վերջին հինգ տարիներին, յուրաքանչյուր ճակատագրական փուլում, մինչև Փաշինյանն իր ճակատագրական սխալն անելը, նրան խորհուրդներ են տրվել հրապարակային ու կուլիսային, չի լսել։ Նրան խոհուրդ է տրվել ԱԹՍ-ների հետ կապված՝ արհամարհել է։ Ունեցել ենք այս վիճակը։ Զոհ ենք մի մարդու տգիտությանը, անգործությանը։ Չի կարողանում։ Այսօր մեր առաջ նոր մարտահրավերներ են, մի նոր ճակատագրական փուլ ենք մտնում։ Փաշինյա՛ն, դու խորհրդի կարիք ունես»։
Օսկանյանը հավատացնում է, որ այսօր հնարավոր է դեռևս ինչ-որ բան անել, անելիք ունենք դիվանագիտական դաշտում։
«Թող հայրենիք փրկենք, դրա հավանականությունն այսօր կա։ Չեմ ուզում փակագծեր բացել, կարող եմ հինգ կետերով ներկացանել՝ ինչ պետք է անել։ Կա այդ հնարավորությունը, հիմա այնքան զգայուն են խնդիրները, որ չեմ կարող այդ կետերը բացել։ Այս ճակատագրական փուլում սթափվեք, չենք կարող մենք Արցախ կորցնել։ Սա մեր պատմական հողն է, Ադրբեջանն այդ տարածքի նկատմամբ որևէ հավակնություն չի կարող ունենալ։
Մտածի՛ր առաջարկիս մասին», - ասաց նախկին պաշտոնյան։