02/10/2023 13:13
Ադրբեջանի նախագահ Ալիևին պետք է մեղադրանք առաջադրել և պատասխանատվության ենթարկել. Ալֆրեդ դե Զայաս
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների և ժողովրդավարական ու արդար միջազգային կարգի խթանման հարցերով խորհրդի նախկին փորձագետ Ալֆրեդ դե Զայասը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի դեմ: Այս մասին հայտնում է 1lurer.am-ը։
«Եթե «Պաշտպանության պատասխանատվություն» (R2P) դոկտրինը ինչ-որ բան է նշանակում, ապա դա վերաբերում է 2020 թվականից սկսած՝ Արցախի Հանրապետությունում, որն ավելի հայտնի է որպես Լեռնային Ղարաբաղ, տեղի ունեցող ողբերգությանը։
Դոկտրինը, որ միջազգային իրավունքի նոր նորմ է, ներդրվել է ՄԱԿ-ի նախաձեռնությամբ՝ 2005 թ.: Այն բաղկացած է մի քանի սկզբունքից, որոնք միավորված են «ինքնիշխանությունը արտոնություն չէ, այլ պարտավորություն է պաշտպանելու մարդկանց, որոնք ապրում են տվյալ պետության սահմաններում» գաղափարով:
2020 թվականին Ադրբեջանի անօրինական ագրեսիան, որն ուղեկցվում էր պատերազմական և մարդկության դեմ հանցագործություններով, հայերի դեմ Օսմանյան կայսրության ցեղասպանության շարունակությունն է։ Այս գործը պետք է պատշաճ կերպով հետաքննի Հաագայի Միջազգային քրեական դատարանը՝ համաձայն Հռոմի ստատուտի 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածների: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին պետք է մեղադրանք առաջադրել և պատասխանատվության ենթարկել։ Նման հանցագործությունները չեն կարող անպատիժ մնալ»,- հայտարարել է փորձագետը։