02/10/2023 16:38
Դրամի արժեզրկման հետևանքով երկիրը կարող է կանգնել դեֆոլտի առաջ. Պատգամավոր
Արդեն մի քանի օր է՝ Հայաստանում դրամի արժեզրկում է նկատվում. ԱՄՆ դոլարի վաճառքի գինը հասել է մոտ 420 դրամի, եվրոյինը՝ 445։
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանը վերլուծելով իրավիճակն ասաց, թե դրամի արժեզրկումը երկու պատճառ ունի. ներքին և արտաքին։
«Բնականաբար, պարտությունը և երկրի դեպի ձախողում գնալու ընթացքը մարդկանց մոտ անվստահություն է առաջացրել և տեղի է ունեցել շարժ՝ դրամից դեպի դոլար։
Անկայունության պայմաններում որևէ մեկը չգիտի, թե վաղը ինչ է սպասվում Հայաստանի Հանրապետությանը։
Որքան էլ այս իշխանություններն ասեն, թե Ղարաբաղը տանք, որպեսզի կարողանանք Հայաստանը փրկել, մարդիկ հասկանում են, որ Ղարաբաղը տալով Հայաստանի գլխին կախված սև ամպերն էլ ավելի են թանձրանում և բուն երկրի գոյությունն արդեն մնում է հարցականի տակ։
Մյուս պատճառն արդեն զուտ տնտեսական ազդեցություններն են. Ռուսաստանից եկած դոլարային փոխանցումները նվազել են, և այն արժևորումը, որ ունեինք դոլարի ներհոսքով պայմանավորված, պակասում է։
Դրա հետևանքն այն կարող է լինել, որ տնտեսական ակտիվությունը, որը բացառապես կախված էր արտաքին գործոններով, նվազում է», - ասաց պատգամավորը։
Նա նշեց՝ հետևանքը կարող է լինել շատ ծանր՝ մանավանդ արտաքին պարտքի սպասարկման առումով։
«Երբ այս իշխանություններին ասում էինք, թե արտաքին պարտքը հասել է աղետալի ծավալների, ասում էին՝ չէ, արտաքին պարտք - ՀՆԱ հարաբերությունը կառավարելի մակարդակի վրա է գտնվում։ Դոլարի արժևորումով այդ հարաբերությունը գնում է դեպի վատ ուղղություն. պարտք-ՀՆԱ հարաբերությունն ավելի մեծանում է և երկիրը կարող է կանգնել դեֆոլտի առաջ։ Դա դարձյալ այն է, ինչը մենք այս իշխանություններին զգուշացնում էինք։
Անշարժ գույքի շուկայում առկա «գերտաքացումը» պայմանավորված է իրենց ընդունած՝ հարկային օրնսդրության փոփոխությամբ, շատերն առանց ճիշտ ֆինանսական վերլուծությունների հիպոթեք էին վերցնում, առանց մտածելու, թե ինչ կարող է լինել 7, 8 կամ 10 տարի հետո։ Դա էլ մի ռիսկ էր, և մյուսն այն է, որ արտաքին պարտքի մեծացումը բերում է պետական պարտքի սպասարկման դժվարությունների։ Դեֆոլտի ռիսկը գնալով ավելի իրական է դառնում», - ասաց Արթուր Խաչատրյանը։
Պատգամավորի գնահատմամբ՝ իշխանությունների կողմից այս իրավիճակից դուրս գալու ցանկություն չի նկատվում։ Ըստ նրա՝ այն ցնցումները, որոնց իշխանությունները տանում են երկիրը, չեն կարող իրենց տնտեսական հետևանքները չունենալ։