02/10/2023 15:53
Մենք ո՛չ հոգևորականից ենք աղոթք սպասում, ո՛չ էլ զանգի կարիք ունենք, մենք ընդամենն ուզում ենք, որ եկեղեցին լինի պոպուլիստ. Թովմաս ուրարակիր Առաքելյան (Տեսանյութ)
Եկեղեցին այսօր և միշտ ժողովրդի մեջ է, եկեղեցին որևէ մեկի կողքին լինելու նպատակ չունի, եթե եկեղեցին ինչ-որ բանի կողքին է, դա ճշմարտությունն է։ Տևական ժամանակ անդադար կրկնում են՝ ինչու՞ չհնչեցին եկեղեցու զանգերը, մենք իրականում այդքան զանգը չենք ուզում, որ հնչի, ինչքան ուզում ենք, որ այդ զանգերը մոնտաժվեն, հոլովակով ներկայացվեն, դրանք մարդիկ տարածեն, սոցցանցերում հավանումների արժանանան, Aysor.am-ի «Հարցեր կան» հաղորդմանն ասել է Թովմաս ուրարակիր Առաքելյանը։
«Այս օրերին մի մեկնաբանություն տեսա՝ մի մարդ գրել էր՝ եկեղեցին ոչինչ չի անում, արցախցիներին չի դիմավորում, ի պատասխան որոշեցինք ընդամենը մեկ լուսանկար հրապարակել՝ Հայր Միքայելը գրկել էր Արցախից բռնի տեղահանված պապիկի։ Պետք էր տեսնել՝ ինչ գոհունակություն առաջացրեց այդ լուսանկարը։ Մեկնաբանություններից հասկացանք, որ մարդկանց պետք չէ, որ հոգևորականներն անձնվեր ծառայություն իրականացնեն, այսինքն՝ եթե նույն անքուն գիշերները լինեին, թեմերի անդադար աշխատանքը լիներ, բայց այդպիսի մի նկար չլիներ, ուրեմն լավ չէր լինի։ Մենք եկեղեցուց չենք պահանջում ծառայություն, ոչ էլ Վեհափառից ենք պահանջում խոսք, ոչ էլ հոգևորականից ենք սպասում աղոթք, ոչ էլ զանգի կարիք ունենք, մենք ընդամենն ուզում ենք, որ եկեղեցին լինի պոպուլիստ»։
Թովմաս ուրարակիր Առաքելյանն ընդգծում է՝ պայքարը չի սկսվում զանգերից, պայքարը սկսվում է զորքի պատրաստ, հզոր կանգնելուց. զանգը վերջին ատրիբուտն է․«Մեր հոգևորականները զոհվել են պատերազմի ժամանակ, վերջին կռվում էլ Տեր Հովհաննեսը ծանր վիրավորվել է՝ չլքելով իր հոտը. սա է զանգը»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում