02/10/2023 20:36
Սուրենավանի վարչական ղեկավարի դեմ ներկայացված հանցագործության մասին հաղորդմանն ընթացք է տրվել․ «Փաստինֆո»
Դատախազությունն ընթացք է տվել Սուրենավան համայնքի վարչական ղեկավար Անի Վարդազարյանի կողմից արցախցիների նկատմամբ հնչեցված սպառնալիքների ու ատելության խոսք տարածելու վերաբերյալ ներկայացված հաղորդմանը, հայտնում է «Փաստինֆո»-ն։
Սուրենավանի վարչական ղեկավար Անի Վարդազարյանը սեպտեմբերի 30-ին ֆեյսբուքյան գրառում էր կատարել՝ սպառնալով հայրենազրկված, բռնի տեղահանված արցախցիներին, որոնք կմասնակցեն ցույցերին, զրկել բոլոր տեսակի օգնություններից։ Ընդ որում, Անի Վարդազարյանի հայտարարությունը ոչ միայն ատելություն և խտրականություն էր պարունակում արցախցիների նկատմամբ, այլև ճնշում՝ սահմանափակելու հավաքներին մասնակցելու նրանց իրավունքը։ Չնայած մեծ աղմուկին՝ դատախազաքննչական մարմիններն իրենց նախաձեռնությամբ վարույթ չեն նախաձեռնել։
Փաստաբան Ամրամ Մակինյանը հայտարարել էր, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ պահանջելով վարույթ նախաձեռնել ու միջոցներ ձեռնարկել՝ առերեւույթ հանցագործությունները համակողմանի բացահայտելու համար։
ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել են, որ հաղորդմանն օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել։