02/10/2023 22:50
Հայաստան-Օման քաղաքական խորհրդակցություններ՝ Վահան Կոստանյանի և Շեյխ Խալիֆա Ալ-Հարիսի մասնակցությամբ
Հոկտեմբերի 2-ին Մասկատում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Օմանի Սուլթանության արտաքին գործերի նախարարությունների միջև՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Օմանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Շեյխ Խալիֆա Ալ-Հարիսի գլխավորությամբ, հայտնում են ԱԳՆ-ից։
Հաղորդագրությունում նշված է․
«Քաղաքական խորհրդակցությունների ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցության շուրջ, կարևորել երկու երկրների միջև տնտեսական համագործակցության խթանումը: Երկուստեք ընդգծվել է վերականգնվող էներգիայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստական բանականության, առողջապահության ոլորտներում, ինչպես նաև գյուղատնտեսության և զբոսաշրջության բնագավառներում համագործակցության կարևորությունը:
Խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տարածաշրջանային և անվտանգային խնդիրներին:
ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Օմանի իր գործընկերոջն է ներկայացրել ադրբեջանական հարձակման արդյունքում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի զանգվածային բռնի տեղահանման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամային իրավիճակը։
Այցի ընթացքում ԱԳ նախարարի տեղակալը հանդիպում է ունեցել նաև Օմանի առևտրի, արդյունաբերության և ներդրումների առաջմղման նախարարի տեղակալ Իբթիսամ Ահմեդ Սաիդ ալ-Ֆարուջիի հետ: Հայկական պատվիրակությունը ճանաչողական այց է կատարել «Ինվեսթ Օման» ցուցասրահ»: