02/10/2023 16:52
Կառավարությունը ժամանակային դադար է վերցնում, որ հասկանա՝ արցախցիները մնալու են այստե՞ղ, թե՞ գնալու են․ որքա՞ն գումար է նախատեսում ծախսել պետությունը
Արցախցիների բռնի տեղահանումը բավականին մեծ սոցիալական խնդիրներ է առաջացրել արցախցիների համար։ Նրանք այս պահին զրկված են ամենատարրական հնարավորություններից, միջոցներից, որոնք թույլ կտան բարելավել իրենց կյանքի որակը, Aysor.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
Տնտեսագետը հիշեցրեց, որ դեռ շրջափակման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 40 հազար ընտանիք ընդունելու հնարավորություն ունենք, սակայն այսօր հայտարարում է, որ մեկ անձի համար կառավարությունը կտրամադրի 150 հազար դրամ և իրենք թող իրենց կարիքները հոգան, կացության տեղ գտնեն.«Սակայն խնդիրն այս պահին գումարը չէ, քանի որ գումար ունեցողներ կան, որոնք հնարավորություն չունեն ազատ բնակարան գտնելու։
Խնդիրը սա է, կառավարությունն իրավիճակը ճիշտ չի գնահատում, պետք է հասկանան, որ գումարով այս պահին հնարավոր չէ բնակարանի հարց լուծել, քանի որ դրանք սպառվել են։ Կառավարությունը պետք է միջամտի, որ ազատ բնակարանները վարձակալության տրվեն կամ այլ հնարավորություններ գտնի՝ արցախցիներին տեղավորելու համար»:
Պարսյանը ևս մեկ անգամ փաստեց, որ այսօր ոչ միայն կառավարությունը, այլև ամբողջ ժողովուրդն է կանգնած արցախցիների կողքին, և ով ինչով կարողանում է՝ օգնում է.
«Նշեմ, որ արցախցիների շատ փոքր մասն է ընդունել կառավարության՝ բնակարաններով ապահովելու առաջարկը՝ տարբեր պատճառներից ելնելով։ Բայց պետք է փաստել, որ նրանց մի մասն իսկապես բնակարանային, կացության խնդիր ունի։ Սակայն այդ պահանջարկն առ այսօր բավարարված չէ։ Պետք է հասկանանք, թե արցախցիներն այդ 150 հազար դրամով, որը տրամադրելու է կառավարությունը, ինչ կարող են անել՝ բնակարան շատ դժվար է գտնել, մնում է սննդի, հագուստի հարցը։ Քանի որ ոչ ոք այդ գումարով չի կարող հողակտոր կամ տուն գնել, երկարաժամկետ պլաններ նախատեսել։
Կառավարությունը նախատեսում է, որ 50 հազար դրամ աջակցությունը, որը տրամադրվելու է կացության հարցերի համար, առնվազն 6 ամիս պետք է տևի։ Այսինքն՝ եթե զուտ հաշվարկ իրականացնենք 100 հազար բնակչի հաշվով, մոտավորապես 30մլդ դրամ է ծախսվելու։ Դրան էլ եթե գումարենք 100 հազար դրամների միանվագ աջակցությունը, դրա համար էլ կծախսի մոտ 10մլդ դրամ։ Երկուսն իրար հետ մոտ 40մլդ դրամ գումար կծախսի կառավարությունը»։
Տնտեսագետի խոսքով՝ այս ամենին պետք է գումարել նաև առողջապահական, կրթական ծախսերը.«Կառավարությունը արցախցիներին անվճար բուժօգնություն, կրթություն է տալու, խոսվում է նաև բուհական անվճար կրթության մասին։ Փաստացի կարող ենք ֆիքսել 40մլդ դրամը և առողջապահական ու կրթական ծախսերը, որոնք կառավարությունն անելու է կես տարվա կտրվածքով։ Հնարավոր է՝ կառավարությունն այս ընթացքում աջակցության այլ ծրագրեր էլ անի»։
Պարսյանը շեշտեց, որ մի շարք երկրներ աջակցություն են տրամադրել ՀՀ-ին տեղահանվածների օգնության համար, սակայն դա ընդամենը այս վերը նշված գումարի կեսն է, դրա շատ քիչ է, որպեսզի դրանով կարողանան արցախցիները հարցերը լուծել։
«Գումարից զատ, այստեղ շատ կարևոր է արցախցիների ինտեգրման հարցը, որոշակի երաշխիքների տրամադրման հարցը, թե ինչպես է կառավարությունը այդ ամենը պատկերացնում։
Այս պահին կառավարությունը ժամանակային դադար է վերցնում 6 ամիս, որպեսզի հասկանա՝ արցախցիները մնալո՞ւ են այստեղ, թե՞ այլ երկիր են գնալու։ Սա ժամանակային դադարի ծրագիր է։ Այս 6 ամսվա ընթացքում կառավարությունը պետք է զբաղվածության ծրագրեր իրականացնի, նրանց աշխատանքով ապահովի։ Աշխատանքը ոչ միայն գումարի խնդիրն է լուծում, այլ մարդու բավարարվածության, զբաղվածության։ Կառավարությունը մի քանի ծրագիր այդ մասով փորձում է անել։ Պետք է նաև վերապատրաստման ծրագրեր իրականացվեն»։
Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ կայացվել է որոշում և հայտարարվել, որ Լեռնային Ղարաբաղից յուրաքանչյուր բռնի տեղահանված, խոսքը վերաբերում է և՛ երեխաներին, և՛ մեծահասակներին, ամեն անձի հաշվով կտրվի 100 000 միանվագ դրամական աջակցություն: Ինչպես նաև յուրաքանչյուր անձի կտրվի 40 000 դրամ՝ որպես բնակության ծախսերի հատուցում, գումարած 10 000 դրամ՝ կոմունալ ծախսերի գծով աջակցություն: