03/10/2023 21:28
Ֆրանսիան Հայաստանին ռազմական տեխնիկա կտրամադրի․ Կոլոննա
Ֆրանսիան իր համաձայնությունն է տվել Հայաստանի հետ պայմանագիր կնքելու, որը հնարավորություն կտա ռազմական տեխնիկա տրամադրել Հայաստանին, որպեսզի Հայաստանը կարողանա ապահովել իր պաշտպանությունը, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան։
Կատրին Կոլոննան հավելեց, որ առայժմ նպատակահարմար չի համարում այդ հարցի շուրջ հավելյալ մանրամասներ հայտնել։
«Նաև պաշտոնապես գրավոր դիմել ենք ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին՝ ընդլայնելու ԵՄ դիտորդական առաքելությունը և հզորացնելու դրա մանդատը, որ ԵՄ առաքելությունը կարողանա էլ ավելի օգտակար լինել Հայաստանին։ Առաջարկել ենք նաև Հայաստանին ներառել խաղաղության եվրոպական մեխանիզմում, ինչպես օրինակ դա իրագործվում է Մոլդովայում, այդպիսի ծրագիր կա Մոլդովայի համար։ Մեր նպատակն է նաև, որ ԵՄ և նրա անդամները Հայաստանի տարածքային ամբողջականության հարցի հետ կապված՝ նույնպիսի հստակ ազդակներ տան, ինչպիսիք Ֆրանսիան է տալիս․ ցանկացած գործողություն, որը կսպառնա ՀՀ տարածքային ամբողջականությանը, պետք է շատ հստակ արձագանքի արժանանա»,- հավելեց Ֆրանսիայի ԱԳ նախարարը։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր հերթին նշեց, որ Կատրին Կոլոննայի հիշատակած պայմանագիրը Ֆրանսիայի կողմից Հայաստանի պաշտպանական հնարավորություններին աջակցության մասին է։
«Ֆրանսիան երբեք մեզանից չի պահանջել դուրս գալ ՀԱՊԿ-ից»,- ասաց Միրզոյանը։