03/10/2023 10:42
Թուրքիան լայնամասշտաբ հակաահաբեկչական գործողություն է իրականացնում իր ողջ տարածքում
Թուրքիայի անվտանգության ուժերը «հերոսներ» ծածկանունով հակաահաբեկչական լայնածավալ գործողություն են իրականացնում ողջ հանրապետությունում։ Այս մասին հայտնել է Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Ալի Էրլիքայան X սոցիալական ցանցի (նախկինում՝ Twitter) իր էջում։
«Ժամը 08:30-ի դրությամբ Թուրքիայի ողջ տարածքում իրականացվել է 466 հակաահաբեկչական գործողություն, որում ներգրավվել է անվտանգության 13440 աշխատակից։ «Հերոսներ» գործողության շրջանակներում Մերսինում, Վանում, Շանլըուրֆայում, Մարդինում և Այդինում ձերբակալվել են ահաբեկչական կազմակերպությունների 12 անդամներ։ Դիարբեքիրում, Գազիանթեփում, Ստամբուլում, Բուրսայում, Բաթմանում, Դենիզլիում, Ադանայում, Կայսերիում, Անթալիայում, Կոնիայում, Իսպարտայում և Քոջաելիում իրականացված գործողությունների ընթացքում ձերբակալվել է առնվազն ահաբեկչության 55 կասկածյալ»,- գրել է Թուրքիայի ՆԳ նախարարը։
Գործողություններն իրականացվում են Անկարայում Թուրքիայի ՆԳՆ շենքի մոտ տեղի ունեցած ահաբեկչությունից հետո։