03/10/2023 12:11
ՀՀ-ն ոչ մի կերպ չի ուզում Ռուսաստանին թշնամի դասել. ՔՊ-ական պատգամավոր
Հռոմի կանոնադրության վավերացումը որևէ առնչություն չունի Ռուսաստանի հետ մեր երկկողմանի հարաբերությունների տեսանկյունից և սա մենք փոխանցել ենք մեր ռուս գործընկերներին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։
«Այսքանով, կարծում եմ, ամեն ինչ ասված է։ ՀՀ-ն սուվերեն պետություն է, և մենք պետք է առաջնորդվենք բացառապես Հայաստանի Հանրապետության պետական շահերով», - ասաց Աղաջանյանը։
Լրագրողի դիտարկմանը, թե հավանական է, որ Հռոմի ստատուտի վավերացումից հետո ռուսական կողմը սպառնալիքներից անցնի գործողությունների՝ ՔՊ-ական պատգամավորն արձագանքեց.
«Դրանք հարցեր են, որոնց մասին ես հիմա չեմ բարձրաձայնի, բայց Հայաստանի Հանրապետությունը և Հայաստանի ղեկավարությունը հնարավոր սցենարների պարագայում համապատասխան քայլեր կձեռնարկեն։ Պնդելու որևէ հիմք, որ նման գործողություններ կլինեն, այս պահին չունենք»։
Հարցին, թե ՀՀ-ն ուզո՞ւմ է ՌԴ-ին թշնամի դասել՝ Էդուարդ Աղաջանյանը պատասխանեց.
«Ո՛չ, ո՛չ մի կերպ»։