03/10/2023 12:57
Սևանում լույս աշխարհ է եկել ԱՀ-ից բռնի տեղահանված Մովսեսյանների 4-րդ զավակը
Սևանի բժշկական կենտրոնում հոկտեմբերի առաջին օրը լույս աշխարհ է եկել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված Մովսեսյան ընտանիքի 4-րդ զավակը, ում անվանակոչել են Գրիգոր՝ իր պապի անունով։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունից, տղա երեխան ծնվել է միանգամայն առողջ՝ 3400 գրամ քաշով ու 54 սանտիմետր հասակով։
Գրիգորյանների ընտանիքը բնակվել է Հադրութի շրջանի Թաղուտ գյուղում։ 2020 թվականի 44-օրյա պատերազմում նրանք կորցնում են իրենց տունը, բռնագաղթում Հայաստան, ժամանակավորապես բնակվում Գորիսում, ապա տեղափոխվում Ստեփանակերտ, որտեղից էլ բնակության նոր վայր են ընտրում՝ ԼՂ-ի Մարտունու շրջանի Հերհեր գյուղը, որտեղից էլ բռնի տեղահանվում են 2023 թվականի սեպտեմբերի 20-ին Ադրբեջանի կողմից ձեռնարկած ռազմական ագրեսիայի արդյունքում։ Նորածին Գրիգորն իր երեք քույրերի միակ եղբայրն է։ Մովսեսյանների ընտանիքն այժմ ժամանակավորապես տեղավորվել է Սևան քաղաքի հյուրանոցներից մեկում։
Գեղարքունիքի մարզի բուժհասատատություններում 2023 թվականի հոկտեմբերի 3-ի դրությամբ արդեն հաշվառված են ԼՂ-ից բռնի տեղահանված 6 հղիներ, որոնք գտնվում են բժիշկների հետագա հսկողության և հոգատարության ներքո։