03/10/2023 14:22
Ռուս խաղաղապահները ԼՂ-ում 10 ամիս և դրանից առաջ անգործություն են դրսևորել. Խանդանյան
«Միջազգային հանրությունը պետք է հստակ գնահատական տա Ադրբեջանի գործողություններին՝ էթնիկ զտումներին՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով, լրագրողների հետ զրույցում ասաց արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
«Բացի այդ, 10 ամիս մենք կոչ էինք անում ՄԱԿ-ի առաքելությանը գնալ Լեռնային Ղարաբաղ և տեղում աշխատանքներ տանել փաստերի հավաքագրման ուղղությամբ, սակայն այդ կոչերը չլսվեցին։ ՄԱԿ-ի ներկայացուցիչների վերջին այցը Լեռնային Ղարաբաղ ուշացած է: Հուսով ենք, որ ՄԱԿ-ի առաքելությունը կարձանագրի, որ Լեռնային Ղարաբաղում տեղի է ունեցել էթնիկ զտում և կօգտագործի դրա գործիքները։
Այս դեպքում պետք է խոսել նաև ռուս խաղաղապահների անգործության և Արցախում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների մասին, որոնք արագացրել են այս գործընթացները։ Լեռնային Ղարաբաղում հայ չի մնացել: Չեմ պատկերացնում, թե ում անվտանգությունն են ապահովելու ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում, քանի որ 10 ամիս և դրանից առաջ նրանք անգործություն են դրսևորել և չեն կարողացել պատշաճ մակարդակով կատարել իրենց գործառույթները»,- նշեց պատգամավորը։
Խանդանյանը հավելեց, որ Հայաստանը կատարել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած բոլոր պարտավորությունները՝ ի տարբերություն մյուս կողմերի, որոնք չեն կատարել իրենց պարտավորությունները։
Անդրադառնալով Հռոմի ստատուտին՝ նա նշեց, որ դրա վավերացումը բխում է միմիայն ՀՀ շահերից։