03/10/2023 19:31
Փարիզի քաղաքային խորհուրդը դատապարտել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի հանցագործությունները, արցախահայությանը խորհրդանշականորեն շնորհել է Փարիզի պատվավոր քաղաքացիություն
Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է «Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հայերին Փարիզ քաղաքի պատվավոր քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ» բանաձև, հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:
«Այս բանաձևով Փարիզի քաղաքային խորհուրդը դատապարտում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի գործած շարունակական հանցագործությունները, այդ թվում՝ սեպտեմբերի 19-ին սանձազերծված ռազմական ագրեսիան և արցախահայության դեմ իրականացվող ցեղասպանական գործընթացը։
Ի հավաստումն Փարիզի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդին տրամադրվող աջակցության շարունակականության՝ նշված բանաձևի համաձայն, արցախահայությանը խորհրդանշական ձևով շնորհվում է նաև Փարիզի պատվավոր քաղաքացիություն», - նշված է հաղորդագրության մեջ։