03/10/2023 15:34
Դատավորների համար 60 տոկոս հավելում կսահմանվի. Լեւոն Բալյան
Նախագծի ընդունումը պայմանավորված է առաջին ատյանի դատարանների դատավորներին տրվող վարձատրության համակարգի վերանայման անհրաժեշտությամբ եւ բխում է դատավորների անկախությունը երաշխավորելու, ինչպես նաեւ առաջին ատյանի դատարանների դատավորների առկա թափուր պաշտոնները համալրելու նպատակով համապատասխան բարձր որակավորում ունեցող մասնագետների համար գրավչություն ապահովելու անհրաժեշտությամբ: Այս մասին ԱԺ լիագումար նիստի ընթացքում ասել է Արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը` առաջին ընթերցմամբ խորհրդարանականներին ներկայացնելով ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
«Դատավորների` «կարմիր նշակետը» հատող գերծանրաբեռնվածությունը եւ այդ ծանրաբեռնվածության ու դատավորների ներկայիս վարձատրության անհամապատասխանությունը ցայտուն է: Ընդ որում, վիճակագրության արդյունքներով քննվող դատական գործերի քանակով եռաստիճան դատական համակարգում ծանրաբեռնվածության ամենամեծ բեռը կրում են հենց առաջին ատյանի դատարանների դատավորները: Արդյունքում` դատական համակարգում արդեն իսկ նկատվում են իրական ռիսկեր համապատասխան բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից առաջին ատյանի դատարանների դատավորների առկա թափուր պաշտոնները համալրելու ցանկության եւ շահագրգռվածության բացակայության մասով»,- նկատել է Արդարադատության փոխնախարարը:
Ըստ զեկուցողի` պետք է նկատի ունենալ, որ օրենքում նախկինում կատարված փոփոխությունների արդյունքում հավելում է սահմանվել Հակակոռուպցիոն դատարանի դատավորների համար, այնուհետեւ վերանայվել են նաեւ Վճռաբեկ դատարանի եւ Սահմանադրական դատարանի դատավորների վարձատրության չափերը: Որպես նշված փոփոխությունների տրամաբանական շարունակություն` անհրաժեշտ է վերանայել նաեւ դատական համակարգում ծանրաբեռնվածության մեծ բեռ կրող առաջին ատյանի դատարանների դատավորների վարձատրության չափը, ինչի համատեքստում նախագծով առաջարկվում է 2024 թվականի հունվարի 1-ին 60 տոկոս հավելում սահմանել Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի, Սնանկության դատարանի եւ Վարչական դատարանի դատավորների համար` ապահովելով դատավորի բարձր կարգավիճակին եւ պատասխանատվությանը համապատասխանող վարձատրությունը:
Նախագծին վերաբերող հարցով է հանդես եկել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը, ով զեկուցողից հետաքրքրվել է` քանի՞ դատավոր է լինելու նախագծի շահառու եւ բյուջեի վրա որքա՞ն հավելյալ ծախս է ենթադրում նախագծի ընդունումը:
«Օրենքի գործողությունը տարածվելու է 206 դատավորի նկատմամբ. նրանք կազմում են դատական համակարգի ավելի քան 66 տոկոսը: Մոտավոր հաշվարկով նախագիծը բյուջեի վրա 1 մլրդ 400 մլն դրամի ծանրաբեռնվածություն է առաջացնելու»,- հարցին ի պատասխան նշել է գերատեսչության ներկայացուցիչը:
Նախագծի հարակից զեկույցը ներկայացրել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Մինասյանը: Պատգամավորը հայտնել է, որ այն քննարկվել է դեռեւս տարեսկզբին` դատաիրավական բարեփոխումների շրջանակում:
«2022-2026 թվականների ռազմավարության շրջանակում բարձրացվել են Հակակոռուպցիոն դատարանի, Վերաքննիչ դատարանի եւ Վճռաբեկ դատարանի դատավորների աշխատավարձերը: Փոփոխությունն ապահովելու է որակյալ կադրերի ներգրավում առաջին ատյանի դատարանների ատյանում: Առաջին ատյանի յուրաքանչյուր դատավոր տարեկան 2000 դատական գործ է քննում»,- նշել է պատգամավորն ու հավելել, որ հանձնաժողովն առաջին ընթերցմամբ նախագծին տվել է դրական եզրակացություն:
«Առաջին ատյանի դատավորների եկամուտների ավելացումը դատաիրավական բարեփոխումների մեր փոփոխություններից մեկն է, որը եւս պետք է ուղղված լինի դատական համակարգի առողջացմանը: Գործող աշխատավարձերի պարագայում կադրերի անընդհատ հոսունություն ենք ունենում: Նման ծանրաբեռնվածության, բարձր պատասխանատվություն պահանջող աշխատանքի ու ցածր վարրձրատրության դեպքում դատավորները նախընտրում են գնալ մասնավոր ոլորտ, ունենալ բարձր եկամուտ ու քիչ ծանրաբեռնվածություն: Կադրային հոսունությունը կանգնեցնելու ու լավ մասնագետներին համակարգ ներագրավելու համար կարեւոր է, որ արժանապատիվ վարձատրություն ապահովենք»,- մտքերի փոխանակության ընթացքում ասել է Արուսյակ Ջուլհակյանն ու կոչ արել գործընկերներին դրական քվեի արժանացնել օրենքի նախագիծը: