03/10/2023 16:18
Պատասխանատվության ենթարկել Միշելին, ֆոն դեր Լեյենին, Բորելին, որոնք նպաստել են ԼՂ-ում էթնիկ զտումներին. Հայտարարություն
2023 թվականի հոկտեմբերի 1-ին Բրյուսելում տեղի ունեցավ զանգվածային բողոքի ցույց՝ համախմբելով Բելգիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների և Գերմանիայի հայ համայնքներից հազարավոր ցուցարարների։ Շումանի հրապարակում հավաքված ցուցարարները ներկայացրել են Եվրոպական միությանն ուղղված 9 պահանջներից բաղկացած ցանկ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Եվրոպացիները հանուն Արցախի» նախաձեռնությունը:
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Որպես ԵՄ քաղաքացիներ, առաջնահերթ պահանջը Եվրամիության կողմից անհապաղ գործողությունների հրատապ կոչն է: Կոչ է արվել պատասխանատվության ենթարկել ԵՄ պաշտոնյաներին, որոնք նպաստել են Ադրբեջանի էթնիկ զտումների և Արցախում հումանիտար ճգնաժամին, մասնավորապես՝ Շառլ Միշելին, Ուրսուլա ֆոն դեր Լեյենին, Ժոզեպ Բորելին և Տոյվո Կլաարին։ Ցուցարարները դատապարտել են ռուս խաղաղապահներին՝ 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարության իրենց պարտավորությունները չկատարելու համար։
Բողոքի ակցիային մասնակցել են բազմաթիվ ականավոր բանախոսներ, այդ թվում՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ, ԵՄ անդամ երկրների ազգային խորհրդարանների անդամներ, սենատորներ, քաղաքապետեր, նահանգապետեր, անվանի գրողներ, ականավոր հասարակական գործիչներ և հոգևոր առաջնորդներ։ Ելույթներում շեշտադրվել է Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների մեջ ԵՄ-ի մեղսակցությունը, միջազգային անհապաղ միջամտության պահանջը՝ դադարեցնելու Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը:
«Եվրոպացիները հանուն Արցախի» նախաձեռնության շրջանակներում միաժամանակ համանման հանրահավաքներ են տեղի ունեցել եվրոպական 22 այլ քաղաքներում։ Այս համակարգված բողոքի ցույցերն ընդգծեցին Եվրոպայի հայ համայնքների հավաքական պահանջը՝ հակամարտության կարգավորման վերաբերյալ:
Եվս մեկ բողոքի ակցիա նախատեսված է հոկտեմբերի 5-ին՝ Գրանադայում, որտեղ նախատեսված է Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը միջնորդությամբ։
«Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը ծրագրում է նոր նախաձեռնություններ՝ ի աջակցություն Արցախի և արցախահայության։