03/10/2023 10:04
«Ժողովուրդ». ՔՊ-ականների «սրտից մի մեծ քար է ընկել»․ կարողացել են իրենց հարցերը կարգավորել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ չնայած ավագանու ընտրություններում կրած պարտությունից հետո իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներսում ծանր ու տխուր իրավիճակ էր ստեղծվել, իշխանականները տևական ժամանակ խորը հիասթափության մեջ էին, բայց ինչպես իշխանական մեր աղբյուրներն են փոխանցում, ՔՊ-ականների «սրտից մի մեծ քար է ընկել», քանի որ կարողացել են իրենց հարցերը կարգավորել:
Այսպիսով, ինչպես հայտնի է, հոկտեմբերի 10-ին Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստը պետք է տեղի ունենա, որի ժամանակ էլ քաղաքապետ պետք է ընտրվի, որը, մեծ հավանականությամբ, կլինի հենց Ավինյանը: Ավագանու նիստը տեղի կունենա այն դեպքում, եթե նիստին ներկա լինի ավագանու 33 անդամ։ «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունները միասին ունեն 32 մանդատ. այսպիսով, եթե մյուս երեք ուժերից անգամ մեկ ներկայացուցիչ ներկա լինի նիստին, ապա նիստը կկայանա:
Նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած «Ազգային առաջընթաց» կուսակցությունը և ԱԺ նախկին պատգամավոր Անդրանիկ Թևանյանի «Մայր Հայաստան» դաշինքը հայտարարել են, որ այդ օրը չեն մասնակցելու նիստին, որպեսզի քվորում չապահովեն, նիստը չկայանա, և նոր ընտրությունների գնան. այժմ որոշում կայացնողը «Հանրային ձայն»-ն է։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մի քանի օր բանակցելուց հետո ՔՊ-ին հաջողվել է համաձայնության գալ «Հանրային ձայն» կուսակցության հետ և նրանցից մեկ ձայն «կորզել»:
Այսպիսով, հոկտեմբերի 10-ին կայանալիք ավագանու նիստին, բացի իշխանությունից և մերձիշխանական դիրքերից հանդես եկող «Հանրապետություն» կուսակցությունից, ներկա կլինի «Հանրային ձայն»-ից մեկ ներկայացուցիչ, որպեսզի այդ օրը նիստին քվորում ապահովեն: Եթե նիստը կայանում է, և որպես քաղաքապետ առաջադրվում է միայն 1 թեկնածու, ապա այս դեպքում անհրաժեշտ կլինի, որ նրա օգտին քվեարկի ավագանու 40 տոկոսից ավելին։ Ավագանու նորընտիր ցանկը հաստատված է, այն ունի 65 անդամ։
Այսպիսով, եթե առաջադրվի միայն 1 թեկնածու, ապա 27 կողմ ձայնն անգամ բավարար կլինի քաղաքապետ ընտրելու համար։ Ստացվում է՝ եթե «Հանրային ձայն»-ից մեկ հոգի էլ այդ օրը ներկա լինի ավագանու նիստին, և նիստը կայանա, ապա ՔՊ-ն և «Հանրապետություն»-ը, առանց որևէ խնդրի, կարող են ընտրել Տիգրան Ավինյանին:
«Հանրային ձայն» կուսակցությունը թեև վերջնական որոշման մասին չի հայտարարել, բայց կուսակցության առաջնորդ Վարդան Ղուկասյանը երեկ հայտարարություն տարածեց, թե Երևանի ավագանու ընտրությունների երկրորդ փուլ թույլ տալ չի կարելի այս իրավիճակում, ավելին՝ հայտարարեց, որ նախընտրում է ավելի, որ Մարությանի և Թևանյանի ուժերը չամրապնդվեն, քան թե Ավինյանը չվերարտադրվի: Նրա այս հայտարարությունը, թերևս, հաստատում է մեր տեղեկությունները»։