04/10/2023 23:19
«ՀՀ կառավարության ղեկավարն է դիմել Ադրբեջանին՝ խնդրելով ձերբակալել Ռուբեն Վարդանյանին»․ Արշակ Կարապետյան
ՀՀ ԶՈՒ հետախուզության վարչության նախկին պետ, 2018֊2021 թթ՝ ՀՀ վարչապետի խորհրդական, ապա ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ, ՀՀ ՊՆ նախկին տեղակալ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հայտարարել է քաղաքական գործունեություն սկսելու մասին։
Ֆեյսբուքյան ուղիղ եթերում նա նախ նշել է, որ Նիկոլ Փաշինյանի կողմից աշխատանքից ազատվել է այն բանի համար, որ չի ընդունել Ադրբեջանի ԶՈՒ ուլտիմատումը և հրաման է տվել սահմանի խախտման դեպքում կրակ բացել Ադրբեջանի ԶՈՒ ուղղությամբ։
Ապա Կարապետյանը ՀՀ գործող իշխանություններին մեղադրել է վախկոտության ու դավաճանության արդյունքում Արցախը հանձնելու մեջ՝ նշելով, որ նույն ճակատագիրը սպասվում է նաև Հայաստանին։
Կարապետյանը հայտարարել է նաև․ «Հավաստի տեղեկություններ ունեմ, որ հենց ՀՀ կառավարության ղեկավարն է դիմել Ադրբեջանին՝ խնդրելով ձերբակալել Ռուբեն Վարդանյանին և թույլ չտալ, որ նա մուտք գործի Հայաստանի տարածք»։
Արշակ Կարապետյանը ՀՀ գործող իշխանություններին մեղադրել է նաև Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու, հայ և ռուս ժողովուրդներին թշնամացնելու փորձ ձեռնարկելու մեջ, ապա, դիմելով ՌԴ ղեկավարությանը, հորդորել է կանխել Հայաստանի պետականությունը ոչնչացնելու՝ Փաշինյանի փորձերը։
Ամփոփելով խոսքը՝ Կարապետյանն ազդարարել է քաղաքական գործունեություն սկսելու իր որոշման մասին՝ հավելելով, որ Հայաստանը ներքին ու արտաքին թշնամիներից ազատագրելու նպատակով քաղաքական շարժում է ձևավորում։