04/10/2023 20:32
ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրենը Հայաստանում է
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր ընդունել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեին, հայտնում են նախարարությունից։
Հաղորդագրությունում նշված է․
«Վերջին տասը ամիսների ընթացքում Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետ կապված ակնկալում էինք Առողջապահության համաշխարհային կազմակերպության հստակ գնահատականը` հավատալով որ «Առողջություն բոլորի համար» սկզբունքը` որպես համամարդկային արժեք, վերաբերում է բոլորին, առանց որևէ բացառության, ինչպես տարածաշրջանի ցանկացած այլ կետի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղին: Եվ եթե ԱՀԿ-ի օգնությամբ աշխարհի համար այս խնդրի տեսանելիությունը ավելի մեծ լիներ, իրականությունն, հիրավի, գուցե այլ պատկեր կունենար»,-նշել է Անահիտ Ավանեսյանը:
Նախարարը ընդգծել է, որ թերսնված, սրված քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց բուժսպասարկման կարիքները կառավարությունն իր միջոցներով է իրականացնում, սակայն պատրաստ է ուղղորդել նաև ԱՀԿ հնարավոր աջակցությունը տուժած բնակչությանը:
Հանս Կլյուգեն վստահեցրել է, որ իր այցը արտացոլում է ԱՀԿ հանձնառությունը «Առողջություն բոլորի համար» սկզբունքին: Նա անդրադարձել է նաև արտերկրից բժիշկների ներգրավմամբ, բնակչության հոգեկան առողջության բարելավման և իմունականխարգելման ոլորտում երկարաժամկետ ծրագրերի իրականացման հնարավորություններին»: