04/10/2023 15:40
Ավանեսյանը BBC-ին ներկայացրել է Արցախից բռնի տեղահանված անձանց առողջապահական կարիքները
Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հարցազրույց է տվել BBC-ի լրատվական ծառայությանը և ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով 100 հազարից ավելի մարդկանց առողջապահական կարիքները:
«Տասը ամիս շարունակ գտնվելով շրջափակման մեջ՝ բնակչությունը չի ունեցել կենսականորեն անհրաժեշտ բժշկական ծառայությունների և դեղերի հասանելիություն: Նրանցից շատերն ունեն թերսնուցում և բազմաթիվ քրոնիկ հիվանդություններ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է նա:
Նախարարը նշել է, որ Հայաստանի կառավարության կողմից արվում է ամեն բան` ապահովելու մարդկանց առաջնային բուժօգնությամբ, կացարանով, սննդով: Հիվանդանոցներն ու առողջության պահպանման առաջնային օղակը նույնպես պատրաստ են` հասցեագրելու նրանց հիմնական առողջապահական կարիքները:
«Այս պահին հիվանդանոցներն աշխատում են գերծանրաբեռնված` բուժելով Ստեփանակերտում բենզինի պահեստի պայթյունից տուժած 200-ից ավելի ծանր վնասվածքներով անձանց, ինչպես նաև ռազմական ագրեսիայի հետևանքով վիրավորներին, այդ թվում` բազմաթիվ քաղաքացիական անձանց` երեխաներ, կանայք: Շրջափակման, բռնի տեղահանման 50 ժամից ավելի ճանապարհին գտնվելու հետևանքով մարդկանց քրոնիկ հիվանդությունները նույնպես սրվել են: Սակայն բուժաշխատողները, շտապօգնության մեքենաները, սանավիացիան, բոլոր ուժերը կենտրոնացրել ենք կրիտիկական վիճակից դուրս գալու համար»,- ընդգծել է Ավանեսյանը: