04/10/2023 17:31
Կարող էի այնպիսի հայտարարություն անել, որից ևս 300 մարդ կզոհվեր, բայց գուցե իմ հայտարարության շնորհիվ է, որ 105 հազարից ավելի մեր քաղաքացիներ եկել, հասել են ՀՀ (Տեսանյութ)
Ասել, որ մենք Լեռնային Ղարաբաղին մենակ ենք թողել, դա հնարավոր ամենաանարդար մեղադրանքն է, որ կարող է հնչել, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Վերջին 3 տարվա ընթացքում ՀՀ-ն ԼՂ-ին մեկ միլիարդ դոլարից ավելի ֆինանասավորում է ապահովել։ Իմ վերլուծությունն այն է, որ Լեռնային Ղարաբաղն այս ընթացքում՝ բլոկադայից առաջ և ինքնապաշտպանության առումով որևէ բանի պակաս չի ունեցել։ Ես չեմ ասել, որ չենք միջամտելու Ղարաբաղում ռազմական գործողություններին, ես ասել եմ, որ ռազմական գործողությունների մեջ նպատակը ՀՀ-ին ներքաշելն է, և մենք չենք ներքաշվելու։ Բայց մենք քաղաքական աջակցություն ենք ցուցաբերել ԼՂ-ին» , - ասաց վարչապետը։
Նա նշեց՝ այդ սադրանքի նպատակը և հիմնական թիրախը եղել է և ինչ-որ առումով շարունակում է մնալ ՀՀ-ն.
«Իմ պարտականությունն է ՀՀ-ի անվտանգությունը ապահովելը, այդ թվում՝ ԼՂ-ի մեր քույրերի և եղբայրների սիրույն։ Պատկերացրեք, որ պետություն չլիներ, որպեսզի նրանց առաջնային կարիքը բավարարելու հնարավորություն ունենար։ Այսօր աշխարհով ձեռք մեկնած ման չենք գալիս, թե՝ մեզ երկու կոպեկ գցեք, որ մեր եղբայրներն ու քույրերը սովահար չլինեն»։
Ինչ վերաբերում է իր հայտարարությանը, թե ԼՂ-ի քաղաքացիական բնակչությանն ուղիղ վտանգ չի սպառնում՝ Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց, թե դա արել է նրա համար, որ այդ մարդկանց նկատմամբ սպառնալիքները չխտացնի։
«Ես կարող էի այնպիսի հայտարարություն անել, որ այդ պայմաններում ևս 300 հոգի զոհվեր։ Դրանից ոչ մի բան չէր փոխվելու։ Իմ խնդիրը եղել է անել հայտարարություն, որ որևէ մեկի գլխից մազ չպակասի։ Ուրախ եմ, որ գուցե իմ հայտարարության շնորհիվ 105 հազարից ավելի մեր քաղաքացիներ եկել, հասել են ՀՀ», - ասաց Փաշինյանը։