04/10/2023 16:59
Հայ-ֆրանսիական մշակութային երկխոսություն. Վանաձորում կկայանա «Որդին» ներկայացման պրեմիերան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում հոկտեմբերի 7-ին և 8-ին կկայանա ֆրանսիացի հեղինակ Ֆլորիան Զելլերի «Որդին» ներկայացման պրեմիերան:
Այս կապակցությամբ «Արմենպրես» լրատվական գործակալությունում տեղի է ունեցել ասուլիս, որի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Լուսինե Սահակյանը, ռեժիսոր Սաթէ Խաչատրյանը, բեմանկարիչ Բենժաման Լըբրըտոնը:
ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը նշել է, որ ծրագիրն իրականացվում է հայ-ֆրանսիական միջպետական մշակութային համագործակցության շրջանակում. «Այս համագործակցությունից կիրականացվեն նաև նոր ծրագրեր ու գաղափարներ, այդ թվում՝ Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված «Նռան գույնը» պարային բեմադրությունը»:
Դանիել Դանիելյանն առանձնակի կարևորել է այսօրինակ ծրագրերում մարզերի ներգրավվածությունը, ինչը ԿԳՄՍ նախարարության մշակութային քաղաքականության առանցքում է. «Հետևելով մարզերում անցկացվող միջոցառումներին՝ կարող եմ ասել, որ այնտեղ լավ հանդիսատես կա, և ամեն ինչ պետք է արվի՝ աշխուժացնելու և զարգացնելու մարզերի մշակութային կյանքը: Այսօր, ավելի քան երբևէ, բոլորս պետք է զբաղվենք մեր գործով, որպեսզի համախմբված կարողանանք արագ վերականգնվել»:
Նախարարի տեղակալը նշել է, որ արվեստագետները պատրաստակամություն են հայտնել մշակութային միջոցառումներից ստացված հասույթները փոխանցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների օժանդակության հիմնադրամներին, ինչը ևս մեկ ընդհանուր խնդրի շուրջ համախմբվածության ցուցիչ է:
Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Լուսինե Սահակյանի տեղեկացմամբ՝ թատրոնում կայանալիք պրեմիերան իրականացվելու է միջմարզային համագործակցությամբ. ներկայացմանը կմասնակցեն ոչ միայն Վանաձորի, այլև Գորիսի թատրոնի դերասանները: Նա կարևորել է այս օրերում հասարակությանը մշակութային կյանքին հնարավորինս վերադարձնելու հանգամանքը:
«Որդին» ներկայացման ռեժիսոր Սաթէ Խաչատրյանի խոսքով՝ ֆրանսիական դրամատուրգիան հարուստ ավանդույթներ ունի, և Ֆլորիան Զելլերն այն հեղինակներից է, որի դրամատուրգիան Հայաստանում ներկայացնելը շատ կարևոր է թե՛ գեղագիտական արժեքի, թե՛ դաստիարակչական բովանդակության, և թե՛ հայ- ֆրանսիական համագործակցության համատեքստում: «Ինչպես զինվորականներն են պատերազմի ժամանակ զբաղվում իրենց գործով, այնպես էլ արվեստագետներն իրենց մարտադաշտում պետք է զորակցեն նրանց՝ պայքարելու և ուժեղացնելու հայրենիքը»,- ասել է Սաթէ Խաչատրյանը:
Բեմանկարիչ Բենժաման Լըբրըտոնն էլ ներկայացումը որակել է որպես մշակութային երկխոսության ձև՝ ֆրանսիական երկ և հայկական միջավայր:
Կողմերը նշել են, որ քննարկվում են առաջիկայում հայ և ֆրանսիական թատրոնների միջև նոր հուշագրերի կնքման հնարավորությունները: