04/10/2023 16:42
ԼՂ-ից տեղահանված շուրջ 10 000 քաղաքացի բնակություն է հաստատել Մասիսում, որից շուրջ 40%-ը երեխաներ են
Հոկտեմբերի 4-ի տվյալներով՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներից 2308 ընտանիք, շուրջ՝ 10 000 քաղաքացի, բնակություն է հաստատել Արարատի մարզի Մասիս խոշորացված համայքնում։ Այս մասին Aysor.am-ին ասաց Մասիսի քաղաքապետի տեղակալ Նորայր Հակոբյանը։
Մասիսում հաստատված տեղահանված քաղաքացիների շուրջ 40%-ը երեխաներ են։
Ըստ նրա՝ քանի որ համայքնում հյուրանոցները քիչ են, գրեթե չկան, Արցախի քաղաքացիների հիմնական մասը տեղակայվել են բնակարաններում, նաև հարմարեցված շենքերում՝ մանկապարտեզ, հանդիսությունների սրահ և այլն։
«Համայնքապետարանը ռեսուրսներ է տրամադրել վարձավճարների հատկացման համար նաև համայնքում գործող տնտեսվարող սուբյեկտների օգնությամբ։ Սննդի և այլ կենցաղային կարիքների հարցն ենք փորձում լուծել։ Տները հիմնականում դատարկ են..., ամեն ինչի կարիք ունեն, հագուստից սկսած՝ ֆինանս, սնունդ, դեղորայք, ամեն ինչի, չկա մի բան, որ ունենան։ Ըստ էության, երկարաժամկետ են մնալու և փորձում ենք անել հնարավորինը։ Գրեթե բոլոր տեղերը կոմունալ հարմարություններով ապահոված են», - ասաց նա։
Նորայր Հակոբյանը նշեց, որ համայնքում ձկնաբույծներին պատկանող մեկ շենք կա, և մասնավորի հետ քննարկում են այն բնակելի դարձնել։
«Առնվազն մեկ տարի սարքել, որ նաև այդտեղ կարողանան ապրել», - ասաց նա։
Մասիսի փոխքաղաքապետը նշեց, որ 44-օրյա պատերազմից հետո ևս բավական թվով արցախցիներ՝ Հադրութից, Շուշիից եկել և մնացել էին Մասիսում և նրանք ևս բավական թվով արցախցիներ են իրենց տներում հյուրընկալել։
«Բայց իրենց ևս պետք է տեղակայենք, քանի որ երկարաժամկետ չեն կարող միասին ապրել», - ասաց նա։