04/10/2023 17:18
«Աստծո սիրուն, մի կործանեք մեր երկիրն ամբողջությամբ, թողեք ապրենք, գնացեք». Մհեր Սահակյանը՝ Փաշինյանին (Տեսանյութ)
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը ԱԺ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց դեռևս 2018թ.-ին արված հայտարարությունը, որ կա՛մ ինքը կլինի ՀՀ վարչապետ, կա՛մ ՀՀ-ն վարչապետ չի ունենա։
«Արդյունքում ուրացանք ամբողջությամբ Արցախը։ Հիմա՞ էլ եք տառապում այդ մոլուցքով և համարում, որ կա՛մ դուք շարունակում եք մնալ ՀՀ վարչապետ, կա՛մ ՀՀ-ն այլևս վարչապետ չի ունենա»,-հարցրեց նա։
Վարչապետ Փաշինյանը նշեց, թե ՀՀ ժողովորդն է իր ընտրությամբ ուղղակիորեն կամ անուղղակիորեն որոշում, թե ով է ՀՀ վարչապետը և հավելեց, որ ինքը առոթին կառչած չէ, այլ հակառակը՝ հրաժարական է տվել, որ ժողովրդի համար դուռ բացի արտահերթ ընտրությունների միջոցով որոշելու, թե ով է ՀՀ վարչապետը։
Մհեր Սահակյանն արձագանքեց՝ պնդում է, որ նա անկախության քողի տակ իրականացրել է ազգակործան քաղաքականություն։
«Աստծո սիրուն, մի քիչ աստվածավախ եղեք ու մի կործանեք մեր երկիրն ամբողջությամբ, անդառնալիության կետը մի անցեք, թողեք ապրենք, գնացեք», - ասաց նա։
«Ես ձեզ թույլ եմ տալիս ապրել», - ասաց Փաշինյանը՝ նշելով, որ եթե իմանա՝ իր հրաժարականով բոլոր մարտահրավերները կհասցեագրվեն՝ ինքը կանի հենց հաջորդ վայրկյանին։
«Վերլուծությունները ցույց են տալիս՝ դա անելու դեպքում տեղի կունենա ուղիղ հակառակը», - ասաց նա և նշեց, որ այդ սցենարը ԼՂ-ում իրագործեցին և տեսան ինչ եղավ։ «Իհարկե, ՀՀ-ում չեք կարող նույնն անել, բայց այս իրավիճակից հետևություն պետք է անել», - նշեց նա։