04/10/2023 18:06
Հանրության առաջ մերկապարանոց հայտարարություն եք անում. Փաշինյանը՝ Արծվիկ Մինասյանին
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ՆԳ նախարարից հետաքրքրվեց, թե արդյո՞ք ինքն է կառավարում հատուկ ստորաբաժանումները, արդյո՞ք որևէ քննություն իրականացվել է, և որևէ կարմիր բերետավոր պատասխանատվության ենթարկվե՞լ է քաղաքացիների նկատմամբ բիրտ ուժ կիրառելու համար։
Հարցն ուղղված էր Վահե Ղազարյանին, սակայն հարցին պատասխանեց Նիկոլ Փաշինյանը։
«Քանի որ դուք սովոր եք, որ բոլորի տեղը դուք խոսեք, խնդիր չի։ Դուք ասում եք հետևյալը՝ տեղի ունեցավ իշխանափոխություն, ստի, կեղծիքի բառապաշարով՝ մեղադրելով դաշնակցությանը և ասում եք՝ բերեց այսպիսի կործանարար հետևանքի։ Այսինքն՝ դուք ասում եք, որ եթե Արցախում տեղի չունենար իշխանափոխություն, ապա բռնի տեղահանություն չէր լինի։ Դուք նաև հնչեցրեցիք, որ ժողովուրդն է որոշում, թե երբ իշխանափոխություն պետք է լինի։ Հարց է առաջանում, թե այդ ժողովուրդը, երբ գալիս ու պահանջում է իշխանափոխություն, ինչո՞վ է պայմանավորված կարմիր բերետների հրոսակախմբային հարձակումը»,-հայտարարեց Մինասյանը։
Փաշինյանն էլ հայտարարեց, որ եթե ՆԳ նախարարը մոտենար և պատասխաներ այս հարցին, ապա կստացվեր, որ կառավարությունը այդ նրա ասածները հիմնավորում է, սակայն այդպես չէ.«Հանրության առաջ մերկապարանոց հայտարարություն եք անում, ես ձեզ ուշադիր լսեցի, սակայն հարցի պատճառահետևանքային կապը չերևաց»։