04/10/2023 18:39
Մտադիր ենք ատոմակայանն աշխատեցնել մինչև 2036 թվականը. Գնել Սանոսյան (Տեսանյութ)
Կառավարության հետ հարցուպատասխանի ժամին ԱԺ պատգամավոր Լիլիթ Մինասյանը ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին խնդրեց անդրադառնալ Թուրքիայի պահանջին՝դադարեցնելու Մեծամորի Հայկական ատոմային էլեկտրակայանի գործունեությունը։ Թուրքիան պահանջը ներկայացրել էր Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ)։
Գնել Սանոսյանը նշեց, որ ատոմակայանի գործընթացները պարզ ու հստակ են, կան չափորոշիչներ, կա կայան, կան կոմիտեներ, տարբեր խմբեր ու մասնագետներ, որոնք փաստում են, որ կայանը համապատասխանում է բոլոր չափորոշիչներին։
«Ատոմակայանում իրականացվում են բազմաթիվ ծրագրեր, աշխատանքներ՝ անվտանգ և առկա միջազգային չափորոշիչներին բնորոշ կանոնակարգումներով աշխատանքը ապահովելու ուղղությամբ։ Այս պահին ատոմակայանն ունի մինչև 2026 թվականն աշխատելու լիցենզիա, որոշ ուղղություններով ունի մինչև 2031 թվականն աշխատելու լիցենզիա»,-ասաց նա։
Սանոսյանը նշեց, որ մտադիր են ատոմակայանը աշխատեցնել մինչև 2036 թվականը։ «Վերջերս կառավարությունն ընդունեց ևս մեկ որոշում՝ առաջիկա տարիներին կիրականացվեն աշխատանքներ, արդեն նախանշված են, թե ինչ հավելյալ աշխատանքներ են պետք, որպեսզի ատոմակայանի աշխատանքները երկարացվեն 2026-ից 2036 թվականը»,-ասաց նա։
Գնել Սանոսյանը շեշտեց, որ հսկայածավալ աշխատանք է կատարվել։
«Ատոմակայանում հին գրեթե ոչինչ չի մնացել։ Մեր ատոմակայանում ամեն ինչ նոր է, բացի աշխատակիցներից»,- հավելեց նա՝ հիշեցնելով նաև, որ նախորդ տարի Մեծամորի ատոմակայան այցելել էր Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին, ով շրջայցից հետո հաստատել էր՝ ՀԱԷԿ-ն անվտանգ է։