04/10/2023 18:55
Վոյչեխ Գերվելի հետ ՀՀ ԱԳՆ-ում քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունը
Հոկտեմբերի 4-ին Երևանում կայացել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի հանդիպումը Լեհաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վոյչեխ Գերվելի հետ, հայտնում են ԱԳՆ-ից։
Հազորդագրությունում նշված է․
«Պարույր Հովհաննիսյանը զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի շարունակական ագրեսիվ և Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման քաղաքականության հետևանքով ստեղծված իրավիճակի մանրամասները՝ մասնավորապես Լեռնային Ղարաբաղից 100.000-ից ավելի բռնի տեղահանված հայերի առաջնային կարիքների գնահատումը և դրանց հասցեագրման ուղղությամբ ՀՀ կառավարության ջանքերը։ Այս համատեքստում Պարույր Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Լեհաստանին՝ աջակցություն ցուցաբերելու համար:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում կանխամտածված և փաստացի իրականացված էթնիկ զտումները հետևանք են միջազգային դերակատարների ոչ պատշաճ ու հասցեական քայլերի, ինչը Ադրբեջանին անպատժելիության զգացողություն է հաղորդում: Այս համատեքստում կարևորվել է Բաքվի առավելապաշտական նկրտումների, տարածաշրջանն ապակայունացնելուն ուղղված քայլերի զսպման կոնկրետ մեխանիզմների կիրառման հրամայականը:
Զրուցակիցները քննարկել են նաև հայ-լեհական երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, անդրադարձ կատարել ՀՀ-ԵՄ գործընկերությանը և միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանը»: