04/10/2023 21:05
ՀՀ իշխանությունները կատարում են Ռուսաստանին Հարավկովկասյան տարածաշրջանից դուրս մղելու արևմտյան քաղաքական ուժերի պատվերը, և Մոսկվայում շատ լավ գիտակցում են դա․ նախկին գլխավոր հյուպատոս
Ռուսաստանի հետ հարաբերություններում ՀՀ իշխանությունների սխալները զրոյացնում են հայկական դիվանագիտության բոլոր ջանքերը Մոսկվայի հետ ամենատարբեր մակարդակներով հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ, «Սպուտնիկ Արմենիա»-ի փոխանցմամբ՝ «Անավարտ պատերազմ. նոր մարտահրավերներ» խորագրով կլոր սեղանի ժամանակ հայտարարել է Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի նախկին գլխավոր հյուպատոս, ԱԺ նախկին փոխնախագահ Հրայր Կարապետյանը։
Նա հավելել է, որ հայկական կողմն ամեն ինչ անում է Ռուսաստանին Հարավկովկասյան տարածաշրջանից դուրս մղելու համար: Այսինքն՝ տեղական իշխանությունները կատարում են արևմտյան քաղաքական ուժերի պատվերը, և Մոսկվայում շատ լավ գիտակցում են դա։
«Ցավոք, իշխանություններն իրար հետևից սխալներ են թույլ տալիս Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Սխալների շարքը սկսվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի ձերբակալությունից։ Եվ Հռոմի կանոնադրությունը վավերացնելով՝ հայկական իշխանությունը շարունակում է Ռուսաստանի նկատմամբ թշնամական քաղաքականություն վարել։ Մեր արտաքին քաղաքականությունն այնպես է անում, որ ՌԴ-ում դիվանագիտական խողովակները չաշխատեն, որ դիվանագիտությունը կտրված լինի ամբողջ աշխարհի սփյուռքի ուժերից։ Հայկական լոբբիստներին հետապնդում են, վարկաբեկում, քայլեր են ձեռնարկվում սփյուռքը պառակտելու համար»,- արձանագրել է Կարապետյանը։
Նրա խոսքով՝ դրա պատճառով առաջացած քաղաքական վակուումը ակտիվորեն զբաղեցնում է Ադրբեջանը, որը, տնտեսական շահերի համընկնման վրա խաղալով, նույնիսկ Ալիև ավագի հին կապերն օգտագործելով, հզոր ադրբեջանամետ լոբբի է ձևավորել Ռուսաստանում, որի առաջ մենք այսօր անզոր ենք:
Ըստ քաղաքական գործչի` իրականությունն այն է, որ Հայաստանն աստիճանաբար կորցնում է անվտանգության ոլորտի գործիքակազմը, որ ուներ, այդ թվում` ՀԱՊԿ-ի շրջանակում, իսկ տնտեսական առումով՝ ԵԱՏՄ-ի անդամակցության շնորհիվ։ Ամեն ինչ տանում է նրան, որ Հայաստանը դուրս կգա ԵԱՏՄ-ից, և Ռուսաստանում դա շատ լավ գիտակցում են։
«Սովորաբար խոսում են անվտանգության ոլորտի սպառնալիքների մասին, բայց չգիտես ինչու՝ լռում են տնտեսական խնդիրների մասին։ Վերին Լարսում արդեն 600-700 բեռնատար է կանգնած մնացել։ Հայկական կոնյակն այլևս չի արտահանվում։ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում կդադարեցվի արտահանումը ռուսական շուկա ։ Մենք Եվրոպայում շուկա ունե՞նք: Իհարկե, ոչ։ Ստանո՞ւմ ենք արդյոք անվտանգության երաշխիքներ Եվրոպայից։ Իհարկե, չենք ստանում։ Մենք չպետք է երկիրը հասցնենք տնտեսական կոլապսի, որին տանում են։ Վաղը մենք կարող ենք այնպիսի տնտեսական շրջափակման մեջ հայտնվել, որ նախանձենք Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման «մութ ու ցուրտ» տարիներին»,-ընդգծել է նա։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում