04/10/2023 09:56
«Հրապարակ». ՔՊ-ի միասնականությունն ու համերաշխությունը խիստ թվացյալ են
«Հրապարակ» թերթը գրում է. «Ի հեճուկս Մոսկվայից հնչող նախազգուշացումներին, Հայաստանի իշխանությունները երեկ վավերացրին աղմկահարույց Հռոմի ստատուտը՝ ըստ էության, պատերազմ հայտարարելով Ռուսաստանին և անձամբ Վլադիմիր Պուտինին։ Հռոմի ստատուտի քվեարկությունից, սակայն, պարզ դարձավ, որ նույնիսկ ՔՊ-ում կան մարդիկ, որոնք դեմ են այս քաղաքականությանը և պատկերացնում են, թե ինչ կրակի հետ է խաղում այս արկածախնդիրների իշխանությունը` մտնելով բացահայտ հակառուսական դաշտ։ Եվ 71 հոգանոց ֆրակցիայից 11 մարդ կողմ չքվեարկեց այս փաստաթղթին: Իհարկե, մեծ մասն ուղղակի բացակայում էր նիստից, սակայն չի բացառվում, որ հատուկ էին բացակայել, որ կողմ չքվեարկեն:
Այսպիսով՝ 60 կողմ, 22 դեմ ձայնով ստատուտը վավերացվեց, դեմ էին ընդդիմադիրները, իսկ ՔՊ-ից 4 պատգամավոր՝ Շիրակ Թորոսյանը, Դավիթ Դանիելյանը, Սերգեյ Բագրատյանը, Նարեկ Գրիգորյանը, գրանցվել էին, սակայն չքվեարկեցին, 7 պատգամավոր էլ՝ Կարեն Համբարձումյանը, Խաչատուր Սուքիասյանը, Գուրգեն Արսենյանը, Մաթևոս Ասատրյանը, Կնյազ Հասանովը, Քրիստինե Պողոսյանը, Վահե Ղալումյանը, բացակայում էին նիստից: Թեպետ նրանցից և ոչ մեկը գործուղման մեջ չի գտնվում:
Ընդհանրապես, ՔՊ միասնականությունն ու համերաշխությունը խիստ թվացյալ են` խմբակցության հատկապես տարեց գվարդիան, որը, ի տարբերություն սորոսական թևի, ավելի ողջամիտ է և գիտակցում է սրա հետևանքները, նաև հայությունը լրիվ չի կորցրել, դժգոհ է և համարում է, որ իշխանությունը սխալը սխալի հետևից է կատարում: Այս թևի հետ են նաև նախարարներ Սուրեն Պապիկյանն ու Արարատ Միրզոյանը»։