05/10/2023 14:24
Ընդդիմությունը ձախողում է, որովհետև չկան առաջնորդներ, որ պատրաստ են կարմիր գիծ անցնել. Կարեն Քոչարյան (Տեսանյութ)
Էլիտա Հայաստանում գոյություն չունի, էլիտան իր առջև խնդիրներ է դնում, ազգային, պետական գաղափարախոսության կրողն է, որ կարմիր թելով այդ գաղափարախոսությունը փոխանցում է հաջորդ սերունդներին, նախանշում է երկարաժամկետ, կարճաժամկետ հանգրվանները, դեպի ուր պիտի գնա պետությունը։ Խորհրդային միության պայմաններում էլիտան կարողացավ պայքարել Արցախի, Հայաստանի անկախության համար, այնինչ անկախ Հայաստանի սերունդը տեսնում ենք՝ ինչ է անում. սա բոլոր ժամանակների իշխանությունների, տարբեր բնագավառների առաջնորդների ձախողումն է, Aysor.am-ի «Հարցեր կան» հաղորդմանն ասել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։
Քաղտեխնոլոգի գնահատմամբ, չնայած վատթար իրավիճակին՝ այնուամենայնիվ մեխանիզմներ կան պետությունը փրկելու, բայց նախ վճռական առաջնորդներ են պետք։
«Տեխնոլոգիան աշխատում է այն ժամանակ, երբ կա այն իրագործող։ Գործող անձը պետք է պատրաստ լինի կարմիր գծեր հատելու, վերջին տարիներին ընդդիմության մեջ այդպիսի մարդկանց չեմ տեսել։ Օրվա ընդդիմությունը, երկար տարիներ լինելով իշխանություն, սովոր չէ հարմարավետությունից դուրս գալու, երկար քայլելու, չսափրվելու, վնասվելու։ Ընդդիմությունն ինքը դատապարտեց իրեն սխալ գործողություններով՝ սկսած մանդատները վայր չդնելուց։ Այն ենթակառուցվածքները, որոնց պարագայում պետք է աշխատեին տեխնոլոգիաները, այդպես էլ չստեղծեց ընդդիմությունը», - ասել է նա։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։