05/10/2023 13:00
Երիտասարդությունը բարդույթ ունի՝ կույս, անարատ, ասպետական առաջնորդի է փնտրում, որ կգա իրենց կփրկի. Կարպիս Փաշոյան (Տեսանյութ)
Վերջին տասնամյակների մեր հանրային, պետական կյանքը խարսխված է կամավորականության վրա, խնդիրների լուծման համակարգային մոտեցումը բացակայում է, նաև հենց այդ պատճառով տանուլ տվեցինք պատերազմը։ Մտածում ենք, որ կարելի է շաբաթ-կիրակի կրակել, գմբեթ կառուցել և դա բավարար է, բայց քաղաքական հարցերն ապաքաղաքական, էմոցիոնալ, հումանիստական մոտեցումներով չեն լուծվում։ Բարեգործությունը որպես կանոն լեգիտիմացնում է սոցիալական անարդարությունը, կամավորությունն էլ լեգիտիմացնում է պետական քայքայիչ քաղաքականությունը, որ իր հերթին հանգեցրեց Արցախի կորստին, Aysor.am-ի «Հարցեր կան» հաղորդմանն ասել է քաղաքական մեկնաբան Կարպիս Փաշոյանը։
«Տարածված թեզերը, թե ամենքս զբաղվենք մեր գործով կամ մենք բոլորս ենք մեղավոր. դեմագոգիա են, որ նպատակ ունեն տարրալուծել, լղոզել խնդիրները, պատասխանատվությունը։ Քաղաքականությամբ չզբաղվելու բարդույթը նաև համահասարակական ճգնաժամի հետևանք է. մարդիկ սկսում են չվստահել, չհավատալ քաղաքական գործիչներին, նախընտրում են փախչել իրականությունից, Գուլիվերի նման հայտնվել այլընտրանքային իրականությունում ու փորձել խնդիրները լուծել այլընտրանքային մեթոդաբանությամբ։ Մեզ պատահած աղետների պատճառներից հիմնականն այն է, որ մենք միշտ խուսափել ենք բուն խնդրից»։
Կարպիս Փաշոյանի գնահատմամբ, սահմանին գմբեթներ կառուցելով զբաղված մարդիկ համոզմունքն ունեն, որ պարտության պատճառը գմբեթների բացակայությունն էր: «Իհարկե, ռազմական ամրությունները, ռազմարվեստն առաջնային դեր ունեն, բայց մեր խնդիրն այն չէ, որ մարդիկ չգիտեն կրակել, մեր խնդիրը սխալ, ձախողած պետական քաղաքականության մեջ է։ Այնպես որ, եթե ամբողջ սահմանի երկայնքով էլ կառուցվեն գմբեթներ, մեկ է, դրանք զինվորի կյանք չեն փրկելու, դրանք ամրությունների հետ միասին զիջվելու են Ադրբեջանին։ Պետության անվտանգությունն ապահովելը պետության մենաշնորհն է, չի կարելի փորձել այդ պատասխանատվությունը բաժան-բաժան անել», - նշել է Փաշոյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։