05/10/2023 23:12
Ի՞նչ էր ասել Փաշինյանը մայիսի 22-ին Ադրբեջանի 86 600 քառ. կմ-ի և դրանում ներառված անկլավների մասին
2023 թ. մասյիսի 22-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանից ասուլիսի ժամանակ լրագրողը հետաքրքվեց՝ երբ ինքը հայտարարում է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչում է 86 600 քառակուսի կիլոմետրով, դրանում ներառու՞մ է նաև «անկլավները»։
«86,600 քառակուսի կիլոմետրն առանձին է, բայց փաթեթի մեջ է 29,800 քառակուսի կմ-ի հետ։ 29,800 քառակուսի կմ-ի մեջ մտնում է նաև Արծվաշենը, 86,600 քառակուսի կիլոմետրի մեջ մտնում են նաև անկլավները», - պատասխանեց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ դա քաղաքական դիրքորոշում է, հարցի իրավական մասը դեռ պետք է դիտարկել։
Հիշեցնենք՝ այսօր, հոկտեմբերի 5-ին, Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ընդունել են համատեղ հայտարարություն, որում նշված է. «Նրանք հավատարիմ են մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին՝ հիմնված միմյանց ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության (Հայաստանի 29,800 քառակուսի կմ և Ադրբեջանի 86,600 քառակուսի կմ) փոխադարձ ճանաչման վրա, ինչպես նշված է նախագահ Միշելի 2023 թվականի մայիսի 14-ի և հուլիսի 15-ի հայտարարություններում»։
Նշենք նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «ֆեյք» է համարում լուրերը, ըստ որոնց Գրանադայում Փաշինյանի ստորագրած հռչակագրով լուրջ հետևանքներ կարող են լինել։
«Հայաստանը Գրանադայում ինչ ցանկացել է, ստացել է՝ հասնելով լուրջ հաղթանակի: Անկլավների թեմա չի քննարկվել, միջանցքի թեման փակ է:
Չվախենաք»,- գրել է Հարությունյանը՝ իր էջում: