05/10/2023 20:40
Փաշինյանը Գրանադայում Հունաստանի, Սլովենիայի, Լյուքսեմբուրգի, Իռլանդիայի, Նորվեգիայի վարչապետերի հետ է հանդիպել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գրանադայում հանդիպում է ունեցել Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ, հայտնում են կառավարությունից։
Հաղորդագրությունում նշված է․
«Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Հունաստանի միջև համագործակցությանը, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր: Մասնավորապես, վարչապետն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի մեր հայրենակիցների բռնի տեղահանության հետևանքով ստեղծված իրավիճակը:
Հունաստանի վարչապետը պատրաստակամություն է հայտնել հումանիտար աջակցություն ցուցաբերել ԼՂ հայությանը և ընդգծել Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության ամրապնդման ուղղությամբ միջազգային հանրության կողմից անհրաժեշտ քայլերի իրականացման անհրաժեշտությունը:
Նիկոլ Փաշինյանը Սլովենիայի վարչապետ Ռեբորտ Գոլոբի, Լյուքսեմբուրգի կառավարության ղեկավար Քսավիե Բեթթելի, Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադկարի և Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստորեյի հետ ևս քննարկել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայության խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ իրականացվող քայլերը:
Մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ»: