05/10/2023 16:54
Արցախում պայթունից այրվածք ստացածների 25 տոկոսը ծայրահեղ ծանր վիճակում է, դեռևս չենք կարող ասել, որ էլ չի լինելու մահվան դեպք. Այրվածքաբանականի տնօրեն
Այրվածքաբանական կենտրոնում Արցախում բենզինի պահեստի պայթունից այրվածք ստացած բուժառուների 25%-ը դեռևս գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում. Aysor.am-ի հետ զրույցում ասաց Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ այրվածքաբանականում բուժում է ստանում շուրջ 100 հոգի։
«Սկզբնական շրջանում մոտ 25%-ը ծայրահեղ ծանր էր, մոտ 50%-ը գտնվում էր ծանր վիճակում և 25%-ը՝ միջին։ Հիմա արդեն ունենք բուժառուներ, որոնք արդեն թեթև են, որովհետև միջինի մի մասը գնում է դեպի ապաքինման: Ընդհանուր առմամբ, հիվանդների վիճակի դինամիկան կարելի է դրական գնահատել, բայց միևնույն ժամանակ ունենք ծայրահեղ ծանր հիվանդներ, որոնց համար ամեն րոպեի պայքար է գնում։ Դեռ ամբողջությամբ դուրս չենք եկել այն կրիտիկական վիճակից, որ ասենք էլ չի լինելու մահվան դեպք, ով այսքան ապրեց, ինքը շարունակելու է ապրել։ Հիմա փորձում ենք դրան չհասնել», - ասաց նա։
Հովհաննիսյանն ասաց, որ այսօր կամ վաղը արդեն սպասվում է, որ կլինեն ապաքինված հիվանդների դուրսգրումներ։
Բուժկենտրոնի տնօրենը նկատեց, որ այս այրվածքի յուրահատկությունն այն է, որ բոլոր բուժառուները հյուծված օրգանիզմներ են եղել, 10 ամիս նորմալ չեն կերել, սպիտակուց և այլ վիտամիններ չեն ստացել։ «Այդ ամենի հետ սեպտեմբերի 19-ի սթրեսը, հարձակումը, ու ամեն ինչ բերել է նրան, որ օրգանիզմի պաշտպանական ռեակցիները զրոյական են, օրգանիզմը չի պայքարում, և ինչ անում է՝ անում է բժիշկը, և հասկանալի է, որ ավելի դժվար ես գնում առաջ», - ասաց նա։
Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ հատկապես վերակենդանացման բաժանմունքում պառկած գրեթե բոլոր հիվանդների մոտ կա թոքերի ախտահարում։ «Հիմնական բացասական ելքերը պայմանավորված են շնչառական խնդիրներով, որովհետև պայթյունի, բոցի հետևանքով ձևավորված գազերը շնչելուց նաև այրել են շնչափողը, թոքերը։ Ծայրահեղ ծանր վիճակում շատ հիվանդներ 70, երբեմն ավելի մեծ տոկոս այրվածքներով են», - ասաց նա։
Նրա խոսքով՝ կենտրոնում մինչև 16 տարեկան անձինք բուժում չեն ստացել, հիմնական մասը տղամարդիկ են։ «Մի աղջիկ է միայն բուժում ստանում՝ 19 տարեկան, բուժառուների մեծ մասը երիտասարդներ են։ Մի կողմից մտածում ես, որ երիտասարդ ուժեղ օրգանիզմ է, բայց այդ 10 ամիսներն իրենց գործն արել են։ Դրանից բացի, մոտ 24 ժամ թույլ չէր տրվում բուժառուներին տարհանել Հայաստան։ Դա նույնպես բարդացրել է վիճակը, որովհետև այրվածքների ժամանակ կարևոր է առաջին 24 ժամը», - ասաց նա։