05/10/2023 10:27
Գերմանիայի կանցլերն Ալիևին հայտնել է ռազմական ուժի կիրառման անթույլատրելիության մասին
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում հայտարարել է ռազմական ուժի կիրառման անթույլատրելիության մասին: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԳԴՀ նախարարների կաբինետի ներկայացուցիչ Կրիստիանե Հոֆմանը:
«Կանցլեր Շոլցն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Նա ընդգծել է, որ Գերմանիայի կառավարությունը վճռականորեն հավատարիմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատմանը` հիմնված երկու երկրների տարածքային ամբողջականության սկզբունքի վրա, և իրավիճակի` խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորմանը», - ասել է նա:
ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջանքերը, Հոֆմանի խոսքով, վայելում են դաշնային կառավարության լիարժեք աջակցությունը:
«Կանցլերն ընդգծել է ԼՂ-ում իրավիճակի և դրա զարգացման հարցում հնարավոր առավելագույն թափանցիկության կարևորությունը», - ասել է Հոֆմանը:
Վերջինիս պնդմամբ` Շոլցը հայտնել է, որ հոկտեմբերի 1-ին ՄԱԿ առաքելության այցը ԼՂ դրական քայլ է, որը պետք է զարգացնել: