05/10/2023 10:01
Հանրային քրեական հետապնդում է հարուցվել ոստիկանության ՊՊԳՎ նախկին պետի նկատմամբ
Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 4-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել 1992-2018 թվականներին Պաշտպանության նախարարությունում և Ոստիկանությունում մի շարք, այդ թվում՝ Արաբկիրի և Կենտրոնականի զինվորական կոմիսարի, ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետի պաշտոնները զբաղեցրած Վ.Մ.-ի նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով գումարներ յուրացնելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար:
Մասնավորապես՝
Վ.Մ.-ն, 2015 թվականի ապրիլի 13-ին Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետի պաշտոնում նշանակվելուց հետո, նույն վարչության Արմավիրի պահպանության բաժանմունքի պետի պաշտոնը զբաղեցրած Խ.Ա.-ին հրահանգել է հափշտակել նրան վստահված պետական միջոցներից և որպես մասնաբաժին՝ յուրաքանչյուր ամիս իրեն տալ 1000 ԱՄՆ դոլար՝ երաշխավորելով, որ հափշտակությունը չի բացահայտվի: Արդյունքում՝ Վ.Մ.-ն նշված ժամանակահատվածում կազմակերպել է Խ.Ա.-ին վստահված պետական միջոց հանդիսացող 13 մլն 935 հազար 200 դրամի յուրացումը, որից 8 մլն 239 հազար 390 դրամին համարժեք 17 հազար ԱՄՆ դոլարը՝ որպես հափշտակված գումարի մասնաբաժին, տրվել է Վ.Մ.-ին:
Վ.Մ.-ն, 1992 թվականից մինչև 2018 թվականը Պաշտպանության նախարարությունում և Ոստիկանությունում զբաղեցնելով մի շարք պաշտոններ, ստացել է մոտ 821 հազար 128 ռուբլի և 39 մլն դրամ աշխատավարձ, սակայն նույն ժամանակահատվածում ձեռք է բերել և օտարել անշարժ ու շարժական գույքեր, ՀՀ-ում գործող բանկերում կատարել է ապօրինի ստացված կանխիկ գումարների տարբեր չափերով մուտքագրել, ձևակերպել ավանդներ, փոխանցումներ է կատարել, որոնք ընդհանուր արժեքով էականորեն գերազանցել են նրա օրինական եկամուտները։
Վ.Մ.-ն ձեռնարկատիրական գործունեությանը մասնակցելու, պետական գույքի յուրացմանը հանցակցելու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտների հանցավոր ծագումը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով օրինականացրել է 1 մլրդ 418 մլն 60 հազար 977 դրամ: