05/10/2023 09:44
«Ժողովուրդ». Ինչու ՀՖՖ-ն որևէ բողոք չի ներկայացրել թուրքերի վարքագծի և անօրինականությունների մասով
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սեպտեմբերի 9-ին ոչ-ոքի՝ 1:1 ավարտեց «Եվրո-2024»-ի ընտրական մրցաշարի արտագնա հանդիպումը D խմբի առաջատար Թուրքիայի ընտրանու հետ: Բնականաբար, տեղի ունեցած հանդիպումը իրենից ենթադրում էր սպորտային միջոցառում՝ թաքնված քաղաքական աստառով:
Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայկական հավաքականից և նրանց հետ Թուրքիա մեկնածները պատմել են, որ սեպտեմբերի 9-ին Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքում Հայաստանի ազգային հավաքականի և Թուրքիայի ընտրանու հանդիպման նախորդ գիշերը թուրք երկրպագուները սուլոցներով, աղաղակներով շրջապատել են այն հյուրանոցը, որտեղ անցկացրել են գիշերակացը հայ ֆուտբոլիստները: Աղմկելով նրանք նպատակ են հետապնդել թույլ չտալ ֆուտբոլիստներին քնել, հանգստանալ և հաջորդ օրը հավուր պատշաճի խաղալ մարզադաշտում:
Դրանից զատ, բոլորս էլ տեսանք, որ հանդիպման ընթացքում բազմաթիվ ագրեսիվ գործողություններ կատարվեցին հենց մարզադաշտում մեր ֆուտբոլիստների հետ (սուլոցներ, հայհոյանքներ, շշերի նետում ֆուտբոլիստների վրա և այլն): «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ՝ ճշտելու, թե ՀՖՖ-ն այս առնչությամբ ինչ քայլեր է ձեռնարկել:
Ինչու՞ Հայաստան-Խորվաթիա խաղի ժամանակ դրոնով դաշտի վերևում դուրս բերված Արցախի դրոշը Ադրբեջանը համարում է «սադրանք» և դիմում ՈՒԵՖԱ՝ որպես բողոք, իսկ ՀՖՖ-ն որևէ բողոք չի ներկայացրել թուրքերի վարքագծի և անօրինականությունների մասով:
Այս առումով՝ «ձայն բարբառո հանապատի»: ՀՖՖ-ն նախ խոստացավ հնարավորինս արագ պատասխանել պաշտոնական հարցմանը, որը ուղարկվել էր մեր կողմից, ապա պարզապես ցուցաբերեց մեռելային լռություն, ինչպես հատուկ է իշխող քաղաքական ուժին, որի մասին «Ժողովուրդ» օրաթերթը օրերս գրել էր:
Հիշեցնենք նաև, որ դեռևս ապրիլին, երբ Հայաստանում ընթանում էր Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որին ի սկզբանե նախատեսված էր ադրբեջանցի մասնակիցների ընդգրկումը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ Ադրբեջանը պահանջել է հավելյալ անվտանգային միջոցառումներ, որոնց մասին բարձրաձայնել չցանկացավ:
Ավելի ուշ դիզայներ Արամ Նիկոլյանը բացման միջոցառմանը վառեց Ադրբեջանի դրոշը, ինչի հետևանքով Ադրբեջանի ջանքերով Ծանրամարտի աշխարհի առաջնության՝ Հայաստանում կայանալը չեղարկվեց:
Եվ այսպես, բոլոր ոլորտներում Ադրբեջանը կշարունակի «իրենը առաջ տանել», իսկ ՀՀ իշխանությունը փոխարենը կլռի ու բարձրագոչ հայտարարություններ կանի միայն ԱԺ ամենաբարձր ամբիոնից և միայն ընդդիմության հասցեին»։