06/10/2023 19:55
Ռուսաստանն Աբխազիայում ռազմաբազա կստեղծի, Վրաստանի նախագահը Եվրոպային կոչ է արել արձագանքել
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին գործընկեր երկրներին և միջազգային հանրությանը կոչ է արել «պատշաճ արձագանքել» Աբխազիայի Օչամչիրայի շրջանում ռուսական ռազմաբազա հիմնելու որոշմանը։
«Աբխազիայում ՌԴ ռազմածովային ուժերի տեղակայման բազա հիմնելու որոշումը վտանգ է ներկայացնում Սևծովյան տարածաշրջանի և Վրաստանի եվրոպական զարգացման համար։
Վրաստանի գործընկերներին և միջազգային հանրությանը կոչ եմ անում անհապաղ արձագանքել»,- հայտարարել է Զուրաբիշվիլին։
Ավելի վաղ էլ Վրաստանի ԱԳՆ-ն էր մտահոգություն հայտնել Աբխազիայում ռուսական ռազմաբազա հիմնելու որոշման կապակցությամբ։
Հիշեցնենք՝ Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Աբխազիայի Օչամչիրայի շրջանում ռուսական ռազմաբազա կստեղծվի։
«Մենք (Ռուսաստանի հետ-խմբ․) համաձայնագիր ենք ստորագրել, մոտ ժամանակներս Օչամչիրայի շրջանում ՌԴ ռազմածովային ուժերի մշտական տեղակայման բազա կստեղծվի»,-ասել էր Բժանիան՝ հավելելով, որ Աբխազիայում ռուսական ռազմաբազա հիմնելու նպատակը իրենց պաշտպանունակության բարձրացումն է։
«Համագործակցությունն այս ուղղությամբ շարունակվելու է, այն միտված է երկու երկրների հիմնարար շահերի ապահովմանը, և անվտանգությունն ամենաառաջնային խնդիրն է»,- ասել էր Բժանիան։