06/10/2023 18:13
Ինձ համար մի տեսակ անհասկանալի է, թե ինչու ենք մենք այդքան ցավագին ընդունում Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը․ Հովիկ Աղազարյան
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը News.am-ի հետ զրույցում անդրադարձել է Գրանադայում ընդունված հայտարարությանը, որով Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդեն գրավոր է հաստատել։ Աղազարյանը նշել է, որ այդ փաստը ցավագին ընդունելն իր համար անհասկանալի է։
«Մենք բոլորս գիտենք, որ նախկին ԽՍՀՄ երկրների տարածքային ամբողջականությունը ճանաչվել է փոխադարձաբար 1991 թվականին, և սա դրա վերահաստատումն էր: Այն հանգամանքը, որ Արցախը ճանաչում ենք Ադրբեջանի կազմում, ինձ համար մի տեսակ անհասկանալի է թվում էլի, թե ինչու ենք մենք դա այդքան ցավագին ընդունում:
Եթե մենք ասում էինք, որ ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, չէր հասկացվու՞մ, որ Արցախն Ադրբեջանի կազմի մեջ է։ Այդպես էր հասկացում։
Հիմա լրացուցիչ այդ շեշտադրումն արվել է ինչ-ինչ քաղաքական հանգամանքներից ելնելով»,- ասել է Աղազարյանը: