06/10/2023 19:39
Ֆիասկո՝ Գրանադայում. Իրավիճակը՝ ռեալպոլիտիկի և աշխարհաքաղաքական շահերի տեսակետից․ Արմեն Աշոտյան
Գրանադայում կայացած Եվրոպական բարձրաստիճան հավաքի արդյունքները կանխատեսելիորեն բուռն քննարկման առարկա են դարձել հիմնականում ներքաղաքական դիրքավորման դիտանկյուններից:
Փորձենք վերլուծել իրավիճակը ռեալպոլիտիկի և աշխարհաքաղաքական շահերի տեսակետից:
Ալիև-Էրդողան զույգի բացակայությունը, անկախ ներկայացված պատրվակներից, ի ցույց դրեց կրկին այն հանգամանքը, որ Հարավային Կովկասի զարգացումների համատեքստում նրանք սպիտակներով են խաղում ոչ միայն Հայաստանի դեմ խաղում, Եվրոպական Միության հետ:
Եվրաբյուրոկրատների էմոցիոնալ և սրտաճմլիկ, իրականում ուշացած և անատամ գնահատականներն Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպան գործողությունների վերաբերյալ ոչ մի հավելյալ քաղաքական արժեք և հետևանք չունեն: ԵՄ պաշտոնյաները, ինչպես նաև առանձին վերցրած երկրների ղեկավարները զերծ մնացին Ադրբեջանի դեմ որևէ պատժամիջոց կիրառելու հեռանկարից: Մնացածը՝ հումանիտար աջակցություն, անիմաստ դիվանագիտական լոլոներ, վիզուալ համերաշխության բեմադրումներ, այս ամենը լիրիկա է, իսկ ավելի ճիշտ՝ սեփական երեսը պահելու և Հայաստանի ղեկավարության գեոպոլիտիկ ավանտյուրաները խրախուսելու միջոց:
Փաստացի Ալիևն արևմտյան բանակցային հարթությունից ստացավ մաքսիմումը (նշաձողի իջեցումից՝ մինչև Պրահայի հայտարարություն), իսկ Գրանադա չգնալով՝ նաև ցուցադրական ժեստ արեց Մոսկվայի ուղղությամբ, ով շատ ավելի զգայուն և կոշտ է դարձել տարածաշրջանում փաշինյանական խաղերի նկատմամբ:
Բացի դրանից, հարկ կա արձանագրելու ևս մեկ իրողություն, որը բավարար չի քննարկվում այս իրավիճակում. Ալիևի հետ բրյուսելյան հարթակում որևէ դրական արդյունք Հայաստանի համար չի լինելու, որովհետև ի թիվս այլ հիմնավորումների՝ Ալիևը և Էրդողանը չեն հարգում ներկայիս եվրոպական առաջնորդներին՝ սկսած Շառլ Միշելից՝ մինչև Շոլց ու Մակրոն:
Արևելյան ոճի մտածելակերպ ունեցող, գործած ոճիրներից հետո անպատիժ մնացած, դիմացինի թուլությունները կայծակնորեն զգացող և օգտագործող այս դեսպոտների զույգի համար եվրաչինովնիկներին տրված ոչ մի խոստում պահելու ենթակա չէ, ոչ մի համատեղ խմած կապուչինո քաղաքական կատեգորիա չէ:
Ավելին, չմոռանանք, որ Եվրոպական Միությունում գալիք գարնանը տեղի են ունենալու նոր ընտրություններ, և թե՛ Միշելը, թե՛ Բորելը, թե՛ Ֆոն դեր Լայենը փաստացի «կաղացող բադիկներ» են, որոնք ավելի շատ հիմա կարիք ունեն թեկուզ ձևական հաջողություններ ցուցադրել՝ իրենց անձնական կարիերան 2024թ.-ից հետո ապահովելու համար:
Գրանադա գնալ պետք էր, պետք չէր Գրանադայից առաջ և ընթացքում հակառուսական քաղաքականություն իրականացնել: Պետք էր Արցախի հայաթափումից հետո օգտագործել այդ հարթակը հայկական շահերի պաշտպանության համար, ոչ թե հերթական աճուրդի: Պետք չէր զրուցել Զելենսկու հետ, ով շնորհավորել էր Ալիևին Արցախի հայաթափման կապակցությամբ:
Պետք էր օգտագործել այն փաստը, որ անկախ գեոպոլիտիկ բախումներից՝ Ռուսաստանը և Արևմուտքն այնուհանդերձ նույն Արցախի հարցով կոնտակտներ պահում են (Ստամբուլյան վերջին հանդիպումը վկա): Ընտանիքի անդամի քվոտայով պետք էր Գրանադա մի արցախցի երիտասարդ տանել՝ իր համար նաև քարոզչական հարթակներ ստեղծելով:
Թվարկածս «պետքերի» շարքն ակնհայտորեն անհամատեղելի է Նիկոլ Փաշինյանի շարունակվող «վարչապետության» հետ: Ու գալիս ենք ամենակարևոր «պետքին»՝ նա պետք է հեռանա այդ պաշտոնից, հակառակ դեպքում շարունակվելու են հայկական շահերի հերթական տապալման վայր դարձող քաղաքների անպտուղ քննարկումները:
Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ
«Նուբարաշեն» ՔԿՀ
06.10.2023թ.