06/10/2023 22:42
«ԼՂ-ում էթնիկ զտումներ կատարած ռեժիմի համախոհն եք»․ Ֆրանսիական Վիենի քաղաքապետը կոշտ քննադատության է ենթարկել Զելենսկուն՝ Ադրբեջանի հետ համագործակցության համար
Ֆրանսիական Վիենի քաղաքապետ Թիերի Կովաչը հրահանգել է քաղաքապետարանի շենքից ճակտոնից հանել Ուկրաինայի դրոշը և կոշտ քննադատության է ենթարկել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն՝ Ադրբեջանի հետ համագործակցության մասին նրա հայտարարության համար։ Այդ մասին հայտնում է Dauphiné libéré պարբերականը։
«Չի կարելի արևմտյան արժեքները վկայակոչելով՝ Արևմուտքին օգնության կոչ ուղղել՝ միևնույն ժամանակ կիսելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ կատարած ռեժիմի տեսլականը։ Ադրբեջանի բռնապետի այդպիսի աջակցությունն անընդունելի է։ Դրոշն իջեցնելը որևէ կերպ չի ստվերում այն աջակցությունը, որը Վիենը ցուցաբերում է ուկրաինացի ժողովրդին»,- ասել է քաղաքապետը։
Նշենք, որ հոկտեմբերի 4-ին Զելենսկին զանգահարել էր Ալիևին ու երախտիքի ջերմ խոսքեր ուղղել նրան՝ Կիևին էներգետիկ ոլորտում աջակցություն ցուցաբերելու համար։
Վիենի քաղաքապետն այս առնչությամբ ասել է․ «Չի կարելի Բաքվին շնորհակալություն հայտնել մարդասիրական, առավել ևս՝ էներգետիկ ոլորտում օգնության համար այն դեպքում, երբ Ադրբեջանը գազը մեկ ու կես անգամ ավելի թանկ է վաճառում՝ Հայաստանի դեմ իր ռազմական նկրտումների իրականացումը ֆինանսավորելու համար»։