06/10/2023 21:37
Միրզոյանը ԵՄ ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատարի հետ քննարկել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակը
Հոկտեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Յանեզ Լենարչիչին, հայտնում են ԱԳՆ-ից։
Հաղորդագրությունում նշված է․
«Արարատ Միրզոյանը ներկայացրել է Լաչինի միջանցքի՝ ամիսներ տևած արգելափակման, սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի կողմից ռազմական հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակը:
Ընդգծելով, որ տեղի ունեցածը ԼՂ փաստացի էթնիկ զտում էր, որի վտանգի մասին ՀՀ ահազանգում էր ամիսներ շարունակ՝ նախարար Միրզոյանն ընդգծել է տարածաշրջանում ուժի կիրառման շարունակվող վտանգի բացառման անհրաժեշտությունը:
Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին պատշաճ աջակցության ցուցաբերման և այդ ուղղությամբ միջազգային գործընեկների հետ աշխատանքներին:
ՀՀ ԱԳ նախարարը և ԵՄ հանձնակատարը մտքեր են փոխանակել տարածաշրջանում անվտանգային իրավիճակի, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի հարցերի շուրջ»: