06/10/2023 15:46
Արցախում պայթյունի հետևանքով կան երեխաներ, որոնք զրկվել են երկու ծնողից, բայց հարազատների մոտ են
Այս պահին Արցախից չկա երեխա, որ բացարձակ առանց խնամքի մնացած լինի։ Ցավոք, այո, Արցախում պայթյունի հետևանքով եղել են երեխաներ, որոնք զրկվել են երկու ծնողից, բայց այդ երեխաներն այս պահին ունեն խնամակալներ, գտնվում են հարազատների կամ տատիկ պապիկների մոտ. Մեդիա կենտրոնում հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Հովհաննիսյանը։
Ըստ նրա, այս երեխաներին որպես առաջնային օգնություն տրամադրվում է սոցիալ-հոգեբանական աջակցություն։
Նախարարության աշխատակիցը չբացառեց, որ միգուցե հետագայում այս երեխաների թվում լինեն երեխաներ, որոնք կունենան որդեգրման կարգավիճակ։
Նա նշեց, որ Արցախից երեխաներին որդեգրելու պատրաստակամությամբ քաղաքացիների դիմումներ կան թե՛ ՀՀ-ից, թե՛ արտերկրից, սակայն, հիշեցրեց, որ ՀՀ-ում 276 երեխա որդեգրման ենթակա է։