06/10/2023 13:49
Հանրահայտ ջութակահար Արա Մալիկյանի երևանյան համերգների հասույթը կտրամադրվի ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցությանը
Հայաստանում առաջին անգամ ելույթ կունենա աշխարհահռչակ ջութակահար Արա Մալիկյանը, որի համերգները տեղի կունենան հոկտեմբերի 13-14-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Մալիկյանն իր աջակցությունն ու զորակցությունն է հայտնելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերին։ «ԹԻ ԷՄ Պրոդակշն» ընկերությունը, որը նախաձեռնել է արտիստի մենահամերգները Երևանում, համերգների հասույթն ուղղելու է ի նպաստ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին:
Լիբանանահայ ծագումով իսպանացի ջութակահարի տաղանդը բացահայտվել է վաղ տարիքում՝ չնայած այն հանգամանքին, որ Լիբանանի քաղաքացիական պատերազմի ընթացքում երկար ժամանակ նա ստիպված է եղել ապրել ու սովորել ռմբապաստարաններում։ Մալիկյանը մասնագիտական կրթություն է ստացել Հանովերի երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոցում և Լոնդոնի Գիլդհոլի երաժշտության և դրամայի դպրոցում, ինչպես նաև դասեր առել աշխարհահռչակ ջութակահարներ, պրոֆեսորներ Ռուջերո Ռիչչիից, Իվրի Գիտլիսից, Հերման Կրեբբերսից։ 2000 թվականից երաժիշտը բնակություն է հաստատել Իսպանիայում: