06/10/2023 20:38
Չենք դիմել Ռուսաստանին՝ դիզվառելիք կամ բենզին անհատույց մատակարարելու խնդրանքով․ քվոտաների ավելացման խնդրանքով ենք դիմել․ ՏԿԵՆ
Հայաստանը երբևէ չի դիմել Ռուսաստանի Դաշնությանը դիզվառելիք կամ բենզին անհատույց մատակարարելու խնդրանքով, «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան ասել են ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:
«Երևանը երբևէ չի դիմել Մոսկվային դիզվառելիք կամ բենզին անհատույց մատակարարելու խնդրանքով: Համաձայն 2013թ.-ին կողմերի միջև կնքված գազի, նավթամթերքների, բնական ալմաստների մատակարարման ոլորտում համագործակցության համաձայնագրի՝ յուրաքանչյուր տարվա համար ՌԴ-ն ՀՀ-ի համար հաստատում է նավթամթերքների արտահանման ինդիկատիվ քվոտաներ: Բենզինի և դիզվառելիքի մասով այդ քվոտաները 2023թ. հոկտեմբերի սկզբին սպառվել են, և հայկական կողմը դիմել է քվոտաների ավելացման խնդրանքով, որը մասնակի բավարարվել է, ինչի արդյունքում ՀՀ ներմուծողները հնարավորություն են ստացել ՌԴ-ից գնել և ՀՀ ներմուծել 15 հազար տոննա բենզին և 20 հազար տոննա դիզվառելիք»: