06/10/2023 15:52
Արցախից տեղահանված երեխաների մեջ որդեգրման ենթակա կարգավիճակ ունեցողներ այս պահի դրությամբ չկան․ Անահիտ Հովհաննիսյան
Որդեգրման ենթակա երեխայի կարգավիճակ ձեռք են բերում գնահատման արդյունքում, այս պահին Արցախից տեղահանված որդեգրման ենթակա երեխայի կարգավիճակով գրանցումներ դեռևս չունենք, մեդիա կենտրոնում հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Հովհաննիսյանը։
Հովհաննիսյանը հաստատեց, որ ՀՀ խնամքի կենտրոններ տեղափոխված տեղահանված երեխաների թիվը 18 է, որոնցից 10-ը Ստեփանակերտի գիշերօթիկ խնամքի հաստատությունից են և գտնվում են Սյունիքի մարզի երեխայի, ընտանիքի աջակցության կենտրոնում։
Նա շեշտեց, որ գիշերօթիկ հաստատությունում խնամք ստանալը չի նշանակում որդեգրման ենթակա երեխայի կարգավիճակ ունենալ։
Երեխաների հիմնահարցերի բաժնի պետը նշեց, որ շարունակում են համալիր գնահատում իրականացնել․ երեխաների անհատական սոցիալական կարիքները գնահատված են։
Ասաց նաև՝ այն երեխաներին են ընդունել, որոնք ունեն որևէ խնդիր և ծնողների հետ խնամք ստանալ չեն կարող։ Եղել են նաև դեպքեր, երբ միակ ծնողի հետ միասին մի քանի օրով ապաստան են ստացել։