06/10/2023 13:55
Ապրանքի վաճառքի առցանց հայտարարություն տված տասնյակ անձանցից հափշտակել են ավելի քան 19 մլն դրամ և փողերի լվացում իրականացրել (Տեսանյութ)
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված հսկայածավալ քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հանցավոր կազմակերպության՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի հանդիսացող անդամները համակարգչային ներգործությամբ 2022թ. մայիսի 17-ից մինչև 2023թ. մարտի 29-ն ընկած ժամանակահատվածում list.am կայքում ապրանքի վաճառքի կամ ծառայության մատուցման հայտարարություն տված մոտ 7 տասնյակ քաղաքացուց հափշտակել են առանձնապես խոշոր չափերի՝ 19.038.349 ՀՀ դրամ գումար:
Այնուհետև, հանցավոր ճանապարհով ստացված ֆինանսական միջոցների հանցավոր ծագումը թաքցնելու կամ խեղաթյուրելու նպատակով, հանցավոր կազմակերպության անդամները նշված գումարները փոխանցել են տարբեր էլեկտրոնային դրամապանակների և բանկային քարտերի, կրիպտոարժույթի փոխանակմամբ զբաղվող անձանց միջոցով գումարը փոխակերպել են կրիպտոարժույթի՝ փոխանցելով տարբեր էլեկտրոնային դրամապանակներին և տնօրինել:
Հանցավոր խմբի երեք անդամների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որպես խափանման միջոց՝ նրանց նկատմամբ ընտրվել է կալանավորումը և հայտարարվել է հետախուզում։
Մանրամասները՝ կից տեսանյութում։