06/10/2023 09:30
«Հրապարակ». Սամվել Շահրամանյանը խորհրդակցություն է անցկացրել Հայաստանում
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախից Հայաստան տեղափոխվելուց հետո Սամվել Շահրամանյանը երեկոյան ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել Հայաստանում Արցախի ներկայացուցչությունում, որին մասնակցել են Արցախի կառավարության և օրենսդիր մարմնի բազմաթիվ ներկայացուցիչներ։ Խորհրդակցության օրակարգում ԱՀ նախագահի կողմից մի քանի կարևոր թեմաներ են արծարծվել։ Սամվել Շահրամանյանը ներկայացրել է առաջնահերթ խնդիրները, որոնք ծառացած են ԱՀ կառավարության և, առհասարակ, քաղաքական վերնախավի առաջ։ Դրանք առաջին հերթին Բաքվում գտնվող հայ գերիների, այդ թվում՝ ԱՀ բարձրաստիճան ղեկավարության վերադարձի ուղղությամբ իրականացվելիք քայլերն են։ Հանձնարարել է ցանկացած հարթակ, միջոց օգտագործել՝ ի նպաստ այդ գործին:
Երկրորդն Արցախից Հայաստան բռնի տեղահանված արցախցիների սոցիալական խնդիրներին լուծում տալու և նրանց աշխատանքով ապահովելու հարցերն են։ Մեզ պատմեցին, որ ԱՀ նախագահը նաև քաղաքական գնահատականներ է հնչեցրել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ ասելով, թե ոչ մեկի մոտ կասկած չպետք է հարուցի այն, թե ում և ինչ քայլերի հետևանքով Արցախն ընկավ: Եվ ներկաներին հորդորել է՝ ոչնչով չխոչընդոտել արցախցիների պայքարի իրավունքն իրացնելուն, հակառակը` այդ ուղղությամբ աշխատանքներ տանել»։