06/10/2023 18:58
Ինչպե՞ս օգնել տեղահանվածներին հաղթահարել դժվարությունները և հարմարվել. Զրույց հոգեբանի հետ
Ավերված տներ և կյանքեր, ապագայի նկատմամբ անորոշություն, անհանգստություն և վախ՝ ահա թե ինչ են զգում Արցախից տեղահանված մեր հայրենակիցները:
Aysor.am-ը հոգեբան Մերի Հարությունյանի հետ զրուցել է բռնի տեղահանված արցախցիներին անհրաժեշտ աջակցություն և կարևոր խնդիրներին ճիշտ մոտեցում ցուցաբերելու հարցերի շուրջ։
«Առաջին բանը, որը պետք է անի օգնել փորձող ցանկացած անձ՝ հոգեբան, սոցիոլոգ, բժիշկ, թե այլ մասնագետ, այն է՝ օգնել նրանց հարմարվել նոր վայրին և վերապրել դժբախտությունը: Այստեղ ահա կարևորվում են այն նրբությունները, թե ինչպես պատշաճ աջակցել տեղահանված մարդկանց։
Պետք է առաջին հերթին հասկանալ, որ մարդիկ անցել են շատ ծանր շրջան, երբ գտնվում էին մարտական ակտիվ գոտում, թողել են տներ, աշխատանք, գերեզմաններ և հիշողություններ։ Ամենից հաճախ նրանք զգում են հոգնածություն, նյարդայնություն և հյուծվածություն՝ ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հոգեպես։ Առաջին բանը, որը մենք կարող եք անել, նրանց ժամանակ տալն է՝ հանգստանալու և որքան հնարավոր է՝ շատ քնելու համար»,- ասաց հոգեբանը։
«Առաջին քայլը մարդկանց հնարավորություն տալն է՝ բավարարել հիմնական կարիքները, ինչպիսիք են սնունդը, ցնցուղը և այլն: Ամենայն հավանականությամբ, նրանք մինչ այդ նման հնարավորություն չեն ունեցել, ուստի սա առաջին պլան կգա։ Նրանք կարող են ժամանել միայն մեկ պայուսակով կամ ընդհանրապես ոչնչով, ուստի նրանց կարող է անհրաժեշտ լինել հագուստ, կոշիկ և հիգիենայի միջոցներ, քանի որ յուրաքանչյուրը պետք է ունենա իր սեփականը»,-հավելեց նա։
Հարցին, թե արժե՞ խոսել պատերազմի մասին, հոգեբանը պատասխանեց, որ առաջին խոսակցությունը դա չէ, որ պետք է լինի։
«Մարդկանց խորհուրդ կտամ մեր հայրենակիցներին հանդիպելիս չափից դուրս հետաքրքրասիրություն չդրսևորել, հատկապես, եթե վերջինս դեռևս պատրաստ չէ կապ հաստատել կամ կիսվել իր պատմությամբ։
Ավելի լավ կլինի խոսել չեզոք թեմաների մասին, որոնք կարող են մարդուն շեղել ողբերգական հիշողություններից։ Այնուամենայնիվ, եթե նրանք ցանկություն են հայտնում խոսել իրենց դժբախտության մասին, պետք է լսել և խուսափել խղճահարության մթնոլորտ ստեղծելուց»,-մանրամասնեց Հարությունյանը:
Յուրաքանչյուր մարդ մեկ այլ մարդու կարիք ունի, հետևաբար, կարևոր է անկեղծորեն կարեկցել վշտին. «կարելի է փորձել մարդու հետ խոսել նրա զգացմունքների, հետագա ծրագրերի, մտքերի ու անելիքների մասին»:
Մասնագետը նշեց նաև, թե որքան կարևոր է մի շարք բառերի գործածումը խոսքում, ինչպիսիք են՝ «մենք», «նույնպես», «մեր», «Ձեզ հետ», « միասին» և այլն, որոնք ցույց կտան պատրաստակամություն՝ օգնելու միասին հաղթահարել իրավիճակը:
«Այնուամենայնիվ, չպետք է տխրել, եթե լսեք մերժում՝ ի պատասխան ձեր առաջարկի, կամ օգնության, քանի որ մարդը կարող է դժվարությամբ հարմարվել իրավիճակին, դեռ պատրաստ չլինել ընդունել որևէ օգնություն, քանի որ ժամանակ է պահանջվում նոր պայմաններն ընդունելու ու հարմարվելու համար»,-ասաց Մերի Հարությունյանը։